Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ կովկասյան երկրների տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների պաշտպանությունը կարմիր գիծ է Իրանի համար
Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ կովկասյան երկրների տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների պաշտպանությունը կարմիր գիծ է Իրանի համար

Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ Կովկասի երկրների տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների պաշտպանությունը կարմիր գիծ է Իրանի համար։

Այս մասին, ըստ իրանական լրատվամիջոցների, Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է Թեհրանում, Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ։

Իրանցի բարձրաստիճան զինվորականներից մեկը, խոսելով Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումների մասին, ասել է, որ առաջարկվող 3+3 ձևաչափը հարմար միջոց է Կովկասում խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Բացի այդ, նախարարը հստակ առարկություն է հայտնել տարածաշրջանում ոչ տարածաշրջանային ուժերի առկայության վերաբերյալ։

Նա ընդգծել է Ռուսաստանի և Իրանի միջև տարածաշրջանային և միջազգային համագործակցության կարևորությունը և նշել, որ երկկողմ համագործակցության կարևոր խնդիրը համատեղ մարտահրավերների, այդ թվում՝ ԱՄՆ միակողմանիության դեմ պայքարն է։ Ինչպես գրում են իրանական լրատվամիջոցները, Սերգեյ Շոյգուն իր հերթին ողջունել է Կովկասում հակամարտությունների կարգավորման համար 3+3 ձևաչափի կիրառման գաղափարը։ Նա աջակցություն է հայտնել Կովկասում ընթացող իրադարձությունների վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարը նաեւ դատապարտել է ոչ տարածաշրջանային երկրների ներկայությունն ու գործունեությունը տարածաշրջանում։