Իրանի ոստիկանությունը հայտնում է, որ Յազդ նահանգում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է տարբեր երկրների առնվազն 139 քաղաքացի
Իրանի ոստիկանությունը հայտնում է, որ Յազդ նահանգում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է տարբեր երկրների առնվազն 139 քաղաքացի

Իրանի ոստիկանության տվյալներով՝ երկրի կենտրոնական Յազդ նահանգում բողոքի ցույցերի ընթացքում առնվազն 139 օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով իրանական Tasnim լրատվական գործակալությանը։

Ըստ աղբյուրի՝ այս պահի դրությամբ անհայտ է, թե կոնկրետ որ երկրների քաղաքացիներ են ձերբակալված։

Իրանական մամուլի հաղորդմամբ՝ Յազդը համեմատաբար փոքր նահանգ է, ուստի ենթադրվում է, որ ընդհանուր առմամբ երկրով մեկ ձերբակալված օտարերկրացիների թիվը հասնում է մի քանի հարյուրի։

Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ակցիաները սկսվել են դեկտեմբերի 28-ին։ Պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 3 117-ի, սակայն իրավապաշտպան կազմակերպությունները նշում են, որ զոհերի իրական թիվն այդ ցուցանիշից շատ ավելի բարձր է։

ԱՄՆ-ում տեղակայված իրավապաշտպան խմբի՝ HRANA-ի տվյալներով՝ այս պահի դրությամբ Իրանում ձերբակալված է գրեթե 50 000 մարդ։