Իրանի նախագահի և ավիավթարի հետևանքով զոհված այլ մարդկանց մարմինները վաղը՝ մայիսի 21-ին, Թավրիզ քաղաքից կտեղափոխվեն Մաշհադ, որտեղ ծնվել է նախագահ Իբրահիմ Ռայիսին։
Այսօր՝ տեղական ժամանակով ժամը չորսին, Թավրիզի մատուռի սրահում տեղի կունենա հանրային արարողություն։ Իսկ մայիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը իննին, Իբրահիմ Ռայիսի և մյուս զոհերի մարմինները Նահատակների հրապարակից ուղեկցվելու են քաղաքի օդանավակայան, որտեղից էլ դիակները կտեղափոխվեն Մաշհադ։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցները հայտնել էին, որ կործանվել է Իրանի նախագահի ուղղաթիռը։ Նախագահի հետ միասին ուղղաթիռի ուղեւորների թվում է եղել նաեւ երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահյանը։ Ըստ լրատվամիջոցների՝ Ռայիսին վերադառնում էր Իրան-Ադրբեջան սահմանային գոտուց և շարժվում էր դեպի հյուսիս-արևմտյան Թավրիզ քաղաք։ Իրանական լրատվամիջոցները հաստատում են նախագահ Իբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի մահը։
Պարզվել է նաև Իրանի նախագահի ուղղաթիռում գտնվող ևս երեք անձի ինքնությունը։