Իրանի հոգեւոր առաջնորդն ասում է, որ Իսրայելը «անամոթ հանցագործություններ» է կատարում երեխաների դեմ
«Reuters»-ի փոխանցմամբ, Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ասել է, որ Իսրայելը «անամոթ հանցագործություններ» է գործում երեխաների նկատմամբ։
Խամենեին նշել է, որ Իսրայելը չի թաքցնում Գազայում, Հորդանան գետի արեւմտյան ափին, Լիբանանում և Սիրիայում տարբեր տեսակի հանցագործությունները։
«Նրանք կռվում են ոչ թե մարտիկների, այլ սովորական մարդկանց դեմ»,- ասել է Խամենեին Թեհրանում մահմեդական երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ։
«Քանի որ նրանք չեն կարող վնասել Պաղեստինի իրական մարտիկներին, նրանք իրենց չար զայրույթը թափում են փոքր երեխաների, հիվանդանոցների հիվանդների և երեխաներով լի դպրոցների վրա»,- ասել է Խամենեին։
Նրա մեկնաբանությունները հաջորդել են իսրայելական օդային հարվածին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին, որի հետևանքով, ըստ Լիբանանի առողջապահության նախարարության, զոհվել է առնվազն 31 մարդ, այդ թվում՝ երեք երեխա և յոթ կին: