Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին երկրում հնգօրյա սուգ է հայտարարել
Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին երկրում հնգօրյա սուգ է հայտարարել։ Տեղեկությունը հայտնում է «Guardian»-ը։
«Ես հնգօրյա հանրային սուգ եմ հայտարարել, ցավակցում եմ Իրանի թանկագին ժողովրդին»,- ասել է Խամենեին։
Առաջիկա 50 օրվա ընթացքում երկրի նախագահի պարտականությունները կկատարի փոխնախագահ Մոհամմադ Մոխբերին։ Ենթադրաբար, 50 օր անց երկրում տեղի կունենան նախագահական ընտրություններ։
Իրանական լրատվամիջոցները մի քանի ժամ առաջ հաստատել են նախագահ Իբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանի մահը։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։ Ըստ լրատվամիջոցների՝ Ռայիսին վերադառնում էր Իրան-Ադրբեջան սահմանային գոտուց և շարժվում էր դեպի հյուսիս-արևմտյան Թավրիզ քաղաք։ Մինչ այդ ամբարտակի բացման արարողությանը մասնակցել են Իրանի եւ Ադրբեջանի նախագահները։ Բացի նախագահից, ուղղաթիռում եղել է ութ մարդ, այդ թվում՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահյանը։