Իրանի արտաքին գործերի նախարարը ահաբեկչություն է որակել Լիբանանում տեղի ունեցած փեյջերի պայթյունները
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր լիբանանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել է Լիբանանում փեյջերի պայթյունների փաստը։ Այս մասին հայտնում են Իրանի պետական լրատվամիջոցները։
Ըստ լրատվամիջոցի՝ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը տեղի ունեցածն անվանել է «ահաբեկչական գործողություն»։
Համաձայն տարածված տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով թեթև վիրավորվել է Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին։ Նա այժմ գտնվում է հիվանդանոցում հսկողության տակ։
Իրանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ դեսպանին անհապաղ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։
Տեղեկության համար, Լիբանանում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 9-ի, 2800 մարդ վիրավորվել է։ Պայթյունների հետեւանքով յոթ մարդ է զոհվել նաեւ Սիրիայում։ Լիբանանյան շիա «Հեզբոլլահ» խմբավորումը մեղադրում է Իսրայելին լայնածավալ փեյջերների պայթյունների համար և սպառնում է վրեժ լուծել։