Իրանի արտաքին գործերի նախարար – ԱՄՆ-ն Իրանին է ուղարկել միջուկային համաձայնագրի վերաբերյալ իր առաջին պաշտոնական առաջարկը

15:15, 01.06.2025

Միացյալ Նահանգները Իրանին է ուղարկել միջուկային համաձայնագրի վերաբերյալ իր առաջին պաշտոնական առաջարկը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Արաղչիի խոսքով՝ Իրանը կարձագանքի այս առաջարկին՝ համաձայն սկզբունքների, ազգային շահերի և Իրանի ժողովրդի իրավունքների։

Տեղեկատվությունը հետագայում հաստատվել է Սպիտակ տան կողմից։ Ինչպես հայտարարել է մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը Իրանին է ուղարկել մանրամասն առաջարկ։ Լևիթի խոսքով՝ Իրանի շահերից է բխում համաձայնել այս առաջարկին։

Չնայած Իրանին ուղարկված առաջարկը հրապարակային չի դարձել, անանուն աղբյուրները The New York Times-ին հայտնել են, որ այն ավելի շատ հիմնական կետերի ցանկ է, քան համաձայնագրի վերջնական նախագիծ։

Աղբյուրներին հղում անելով՝ The New York Times-ը գրում է, որ առաջարկը նախատեսում է Իրանի կողմից ուրանի հարստացման դադարեցում, ինչպես նաև տարածաշրջանային միջուկային էներգիայի ասոցիացիայի ստեղծում, որը կներառի ԱՄՆ-ն, Իրանը, Սաուդյան Արաբիան և այլ արաբական պետություններ։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի հիմնական պահանջն այն է, որ Իրանը միջուկային զենք չունենա։ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո Իրանը և ԱՄՆ-ն ապրիլին սկսեցին Օմանի միջնորդությամբ բանակցություններ։

Նմանատիպ