Իրանը զգուշացնում է ԱՄՆ-ին և Իսրայելին, որ ագրեսիայի ցանկացած գործողության կհետևի արագ և վճռական պատասխան
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պաշտոնական բողոք է հայտնել ԱՄՆ նախագահի՝ Դոնալդ Թրամփի սպառնալիքի կապակցությամբ, ըստ որի նա պատրաստ է ռազմական հարվածներ հասցնել Իրանի դեմ։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ու դեսպան Ամիր Սաիդ Իրավանին նամակով դիմել է Անվտանգության խորհրդի նախագահ Քրիստինա Մարկուս Լասենին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ նշելով, որ Միացյալ Նահանգները լիովին պատասխանատու կլինի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած թշնամական գործողության ծանր հետևանքների համար։
«Անվտանգության խորհուրդը և միջազգային հանրությունը չպետք է լռեն նման պատերազմախնդիր սադրանքների առջև։ Անգործությունը կարող է բերել կործանարար հետևանքների ոչ միայն տարածաշրջանի, այլև միջազգային խաղաղության և անվտանգության համար», – ասվում է իրանցի դիվանագետի հայտարարության մեջ։