Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները, հաղորդում են տեղական լրատվամիջոցները
Իրանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները։ Այս մասին հաղորդում է Սի Էն Էն-ը՝ հղում անելով իրանական Tasnim լրատվական գործակալությանը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ պատճառը Լիբանանում Իսրայելի գործողություններն են։
«Հաշվի առնելով Իսրայելի ռեժիմի կողմից Լիբանանի վրա շարունակական հարձակումները և այն փաստը, որ Լիբանանը հրադադարի նախապայմաններից մեկն էր, որն այժմ խախտվում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, իրանական բանակցային թիմը դադարեցնում է բանակցությունները և միջնորդների միջոցով տեքստերի փոխանակումը», – գրել է Tasnim-ը։
Գործակալության տվյալներով՝ Իրանը պահանջում է Իսրայելի կողմից Ղազայում և Լիբանանում պատերազմների անհապաղ դադարեցում, ինչպես նաև իսրայելական բանակի լիակատար դուրսբերում Լիբանանից։ Tasnim-ի տվյալներով՝ մինչև այս հարցերի վերաբերյալ դիրքորոշում չհամաձայնեցվի, բանակցությունները չեն կայանա։
Բացի այդ, գործակալության տվյալներով՝ Թեհրանը և տարածաշրջանում նրա դաշնակից զինված խմբավորումները օրակարգում են դրել Հորմուզի նեղուցի լիակատար փակումը և այլ ճակատների, այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի ակտիվացումը։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել էր հարվածներ հասցնել Բեյրութի հարավային արվարձաններին։
Հղում անելով իսրայելցի պաշտոնյայի՝ «Սի Էն Էն»-ը հաղորդում է, որ Բեյրութը հարվածելու ծրագրերը համակարգվել են Միացյալ Նահանգների հետ։