Իրանական լրատվամիջոցներ. Իրանի արտգործնախարարն իր հայ գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ասել է, որ հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները կբարդացնեն տարածաշրջանային իրավիճակը
Իրանը դժգոհություն է հայտնում Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների կապակցությամբ:
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլայանը հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունները ավելի կբարդացնեն տարածաշրջանային իրավիճակը։
Իրանցի դիվանագետը մտահոգություն է հայտնել հարավկովկասյան տարածաշրջանում ընթացող իրադարձությունների կապակցությամբ և քննարկել երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները։ Իրանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է կայուն խաղաղության հասնելու համար տարածաշրջանային վեճերի լուծման անհրաժեշտությունը, ինչպես նաև կենտրոնացել է երկխոսության և տարածաշրջանային մեխանիզմների, այդ թվում՝ 3+3 մեխանիզմի արդյունավետության վրա՝ համապարփակ խաղաղության հասնելու համար։
Արարատ Միրզոյանն իր հերթին մտահոգություն է հայտնել Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական ուժերի տեղաշարժի կապակցությամբ և նշել, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում սահմանային գծերի ցանկացած փոփոխություն անընդունելի է։ Միրզոյանը հաստատել է, որ Հայաստանի տարածքը չի օգտագործվի որպես Իրանի դեմ գործողությունների հարթակ:
Սեպտեմբերի 11-ին Երևանի մերձակայքում մեկնարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները։