Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում:
Հանդիպմանը ներկա էին Վրաստանի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Բակուր Աբուլաձեն, գլխավոր դատախազի տեղակալ Նաթիա Մերեբաշվիլին, Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Վրաստանի և Հայաստանի Հանրապետության դատախազությունների ներկայացուցիչներ։
Վրաստանի դատախազության տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի գլխավոր դատախազը շնորհավորել է վրացի գործընկերներին մասնագիտական օրվա կապակցությամբ և մաղթել հաջողություններ։ Իր հերթին, Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն շնորհակալություն է հայտնել Հայաստանի գլխավոր դատախազին Վրաստան կատարած այցի համար և նշել, որ երկու երկրների միջև առկա բարեկամական և գործարար հարաբերությունները նպաստում են արդարադատության ոլորտում արդյունավետ համագործակցությանը։
«Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև քրեական իրավունքի ոլորտում երկու երկրների միջև փորձի փոխանակման կարևորության, հանցավորության դեմ արդյունավետ պայքարի ուղղությունների մասին և պատրաստակամություն են հայտնել ամրապնդել հետագա համագործակցությունը»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ։