Իրակլի Շոթաձեն հանդիպել է Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ
Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գիորգի Գաբիտաշվիլին, Վրաստանի և Հայաստանի դատախազությունների ներկայացուցիչներ։ Տեղեկությունը տարածում է դատախազության մամուլի ծառայությունը։
Գերատտեսչության փոխանցմամբ, Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն շնորհակալություն է հայտնել Արթուր Դավթյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ իրավական դաշտում համագործակցության խորացումը կարևոր է երկու երկրների անվտանգության և հատկապես անդրազգային հանցանքի դեմ արդյունավետ պայքարի համար։ Բացի այդ, Իրակլի Շոթաձեն Արթուր Դավթյանին հրավիրել է սեպտեմբերին Թբիլիսիում նախատեսված դատախազների միջազգային համաժողովին։ Ինչպես հանդիպմանը նշել է Հայաստանի գլխավոր դատախազը, երկու երկրների գերատեսչությունների սերտ համագործակցությունը թույլ է տալիս ժամանակին լուծել իրավական փոխօգնության և արտահանձնման հետ կապված հարցերը։ Նա նաև ասաց, որ հատկապես կարևոր է Վրաստանի և Հայաստանի դատախազությունների ընդհանուր տեսլականը՝ փորձի փոխանակում կատարել հանցավորության դեմ պայքարում։ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել Իրակլի Շոթաձեին և Վրաստանի դատախազության պատվիրակության անդամներին հրավերն ընդունելու համար և հույս հայտնել, որ Վրաստանի և Հայաստանի միջև երկարամյա բարեկամական հարաբերությունների շնորհիվ գլխավոր դատախազների հանդիպումները կլինեն շարունակական և մշտական։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում և Վրաստանում քրեական իրավունքի ոլորտում վերջին ձեռքբերումներն ու մարտահրավերները, այդ թվում՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը և ապօրինի սահմանահատումների դեմ համատեղ արդյունավետ պայքարի կարևորությունը։ Հանդիպման ընթացքում Արթուր Դավթյանը և Իրակլի Շոթաձեն ստորագրել են Հայաստանի և Վրաստանի դատախազությունների միջև փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է քրեական իրավունքի ոլորտում կոնկրետ միջոցառումների ծրագրի մշակում, փորձի փոխանակում և դատախազների մասնագիտական հմտությունների զարգացում։