Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը։
Հայաստանի Հանրապետության կառավարության շենքում առերես հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև առկա արդյունավետ համագործակցությունն ու երկարամյա բարիդրացիական հարաբերությունները։
Ուշադրություն է դարձվել ռազմավարական գործընկերության օրակարգում ընդգրկված հիմնական հարցերին, այդ թվում՝ առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային ոլորտներում համագործակցությանը։
Քննարկվել են նաև տարածաշրջանում առկա մարտահրավերները և Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության առանձնահատուկ նշանակությունը։
Իրակլի Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, ինչը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության ուղղությամբ արված պատմական քայլ է։
Երկու երկրների վարչապետները այսօր ներկա կլինեն Վրաստան-Հայաստան ազգային ֆուտբոլային հավաքականների խաղին։ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը կանցկացվի Երևանում, Վազգեն Սարգսյանի անվան ստադիոնում։