Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուփմանի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուփմանի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրահանձնաժողովի հարեւանության և ընդլայնման բանակցությունների հարցերի շուրջ գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ։

Վրաստանի կառավարության տեղեկատվության համաձայն՝ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Վրաստանի և Եվրամիության միջև համագործակցությանը, այդ թվում՝ թեկնածուի կարգավիճակի տրամադրման հետագա գործընթացին, անդամակցության շուրջ բանակցությունների բացման կարևորությանը և ինը քայլերի կատարման գործում Վրաստանի ձեռք բերած առաջընթացին։

«Զրույցի թեմաներից մեկը արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքի նախագիծն էր։ Նշվեց, որ օրենքի նախագծի միակ նպատակը թափանցիկությունն է, և այն հասարակական կազմակերպությունների վրա դնում է միակ պարտավորությունը՝ տարեկան հայտարարագրել ստացված ֆինանսավորումը։

Վարչապետն ընդգծել է, որ Եվրամիության անդամակցությունը Վրաստանի կառավարության արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից է, և այդ ուղղությամբ բարեփոխումները կշարունակվեն։ Իրակլի Կոբախիձեն ևս մեկ անգամ հաստատել է կառավարության պատրաստակամությունը Եվրամիության կառույցների և անդամ երկրների հետ այս գործընթացում սերտ համագործակցության համար», – նշվում է Վրաստանի կառավարության տեղեկատվության մեջ։