Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Օլաֆ Շոլցի հետ

16:33, 12.04.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գերմանիայի դաշնային կանցլերում դեմ առ դեմ հանդիպման ժամանակ ընդգծվել է Վրաստանի և Գերմանիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։

«Վարչապետը շնորհակալություն է հայտնել դաշնային կանցլերին՝ եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանին ցուցաբերած ամուր աջակցության համար։ Ընդգծվել է Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տալու կարևորությունը՝ որպես Վրաստան-ԵՄ հարաբերությունների նոր փուլ։

Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի կառավարության հավատարմությունը երկրի եվրոպական ընտրությանը և նշել, որ հաջորդ նպատակը Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների բացումն է։

Հանդիպմանը ուշադրություն է դարձվել տարածաշրջանի անվտանգության միջավայրին։ Վարչապետը նշել է, որ Վրաստանը մնում է Եվրամիության հուսալի գործընկերը, որը նշանակալի ներդրում ունի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման գործընթացում։

Դաշնային կանցլերը հաստատել է Գերմանիայի ամուր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։

Զրույցում անդրադարձ է կատարվել նաեւ արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքի նախագծին։ Վարչապետը նշեց, որ օրենքով նախատեսված է միայն հասարակական կազմակերպությունների կողմից ֆինանսների տարեկան բացահայտումը։

Դեմ առ դեմ հանդիպումից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով, որին մասնակցել են երկու երկրների կառավարությունների անդամները։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել տարբեր ուղղություններով դրական համագործակցությանը, այդ թվում՝ տնտեսության, իրավապահ, մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում, երկկողմ հարաբերությունների հետագա խորացման հեռանկարներին։

«Իրակլի Կոբախիձեն Օլաֆ Շոլցին պաշտոնական այցով հրավիրել է Վրաստան»,- նշվում է տեղեկատվության մեջ։

Նմանատիպ