Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն հանդիպել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Այս մասին տեղեկացնում է կառավարության վարչակազմը։

Նրանց հաղորդմամբ՝ Թուրքմենստանում, Խաղաղության և վստահության միջազգային տարվա շրջանակում անցկացված միջազգային համաժողովի ընթացքում կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա քաղաքական և տնտեսական կապերն ու տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը։

Իրաքլի Կոբախիձեն Ղազախստանի նախագահին հաստատել է պատրաստակամությունը՝ հետագայում էլ ավելի խորացնելու երկկողմ հարաբերությունները։

«Մեծ կարևորություն ենք տալիս տարածաշրջանի երկրների միջև համագործակցությանը։ Տնտեսական համագործակցությունն էլ իր հերթին առանձնահատուկ նշանակություն ունի։ Մեր երկրների միջև սերտ հարաբերություններն ունեն մեծ ներուժ, և մեր շահերից է բխում այդ մեծ ներուժի լիարժեք օգտագործումը։ Ձեր կողմից այս հարցի նկատմամբ ցուցաբերվող հատուկ ուշադրությունը դրականորեն է անդրադառնում մեր երկրների համագործակցության վրա», – նշել է Կոբախիձեն։

Ղազախստանի նախագահը հանդիպման ժամանակ ընդգծել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները։

«Մենք մեծապես գնահատում ենք Վրաստանը և այն համարում ենք մեզ համար շատ կարևոր գործընկեր՝ բազմաթիվ ուղղություններով։ Վրաստանը գործընկեր է մեծ հեռանկարներով, որն ունի զգալի ներուժ տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում։ Հենց այս ոլորտն է առաջխաղացման շարժիչ ուժը ներկայումս և զգալի ազդեցություն է թողնում մյուս ոլորտների վրա։ Մեր համագործակցությունն ու գործընկերությունը հետագայում էլ ավելի կզարգանան, և այդ նպատակով կուժեղանա հաղորդակցությունը՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հարթությունում», – հայտարարել է Տոկաևը։