Իրակլի Կոբախիձեի և Շալվա Պապուաշվիլիի համատեղ առաջադրման հիման վրա Միխեիլ Ղավելաշվիլին բասկետբոլի ազգային հավաքականի անդամներին շնորհեց պետական պարգևներ
Վարչապետ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի համատեղ առաջադրման հիման վրա նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Վրաստանի բասկետբոլի ազգային հավաքականի անդամներին հանձնեց պետական պարգևներ։
Նախագահական պալատում կայացած պարգևատրման արարողության ժամանակ կառավարության ղեկավարը շեշտեց վրացի բասկետբոլիստների նվիրվածությունն ու հայրենասիրությունը և շնորհակալություն հայտնեց նրանց հաջողությունների համար։
«Մենք՝ վրացիներս, տաղանդավոր ժողովուրդ ենք։ Այս տաղանդը հատկապես ակնհայտ է սպորտում, սակայն տաղանդի հետ մեկտեղ, եթե չլինեին նվիրվածությունը, աշխատասիրությունը և հայրենասիրությունը, ոչ մի հաջողություն հնարավոր չէր լինի։ Դուք օրինակ եք այն բանի, թե ինչպիսին պետք է լինի վրացի տղամարդու վերաբերմունքը մեր երկրի պատիվը պաշտպանելիս։ Ավագը հատկապես կարևոր է։ Այսօր մեզ հետ է Թորնիկե Շենգելիան, ով, երբ մենք գնում էինք աշխարհի առաջնության, նախ հինգ օր խաղաց Իտալիայում, ապա թռավ Իսլանդիա, այդ ընթացքում կրկին խաղաց Բոլոնիա, ապա եկավ Թբիլիսի՝ վճռորոշ խաղի համար։ Նա իր առյուծի բաժինն ունեցավ հաղթանակում, որը, ի վերջո, մեզ տարավ աշխարհի առաջնություն, և այդպիսին է ձեզանից յուրաքանչյուրի վերաբերմունքը։ Ավագի օրինակը յուրահատուկ է, բայց մենք պետք է հատուկ շնորհակալություն հայտնենք ձեզանից յուրաքանչյուրին», – ասեկ է Իրակլի Կոբախիձեն։
Վարչապետը խոսեց կառավարության կողմից սպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի մասին և նշեց, որ վրացի բասկետբոլիստների հաջողությունները առողջ ապրելակերպի օրինակ են հաջորդ սերնդի համար։
«Վրացական բասկետբոլի առանձնահատուկ հաղթանակներից հետո երեխաների և երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպ վարելու մոտիվացիան զգալիորեն աճել է: Մեր՝ կառավարության պարտականությունն է ստեղծել դրա համար առավելագույն պայմաններ: Մենք հատուկ ուշադրություն կդարձնենք ենթակառուցվածքների զարգացմանը, որպեսզի բասկետբոլով հետաքրքրվող յուրաքանչյուր երեխա և յուրաքանչյուր դեռահաս կարողանա դա անել: Մեզ շատ կարևոր մրցաշար է սպասում, մենք Եվրոբասկետ ենք մեկնում շատ ուժեղ թիմով, և ես ուզում եմ ձեզ մաղթել առավելագույն հաջողություններ: Մենք ձեր կողքին ենք և ձեզ ենք քաջալերում», – դիմել է վարչապետը բասկետբոլիստներին։
Վրաստանի հաղթանակում ունեցած իրենց առանձնահատուկ ներդրման համար Վրաստանի պետական պարգևը՝ Սուրբ Գևորգի հաղթանակի շքանշանը շնորհվել է Վրաստանի տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքականի անդամներին՝ Գիորգի Շերմադինիին և Թորնիկե Շենգելիային: Նախագահը Պատվո շքանշաններ է շնորհել Վրաստանի տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքականի անդամներին, մարզիչներին, Բասկետբոլի ազգային ֆեդերացիայի նախագահ Վիկտոր Սանիկիձեին և փոխնախագահներ՝ Վլադիմիր Բոյսային, Նիկոլոզ Ցկիտիշվիլիին և Դավիթ Սակվարելիձեին, ինչպես նաև ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լաշա Գամկրելիձեին: Պատվո մեդալներ են շնորհվել Բասկետբոլի ազգային ֆեդերացիայի թիմերի մարզիչներին, բժիշկներին և ֆեդերացիայի վարչակազմի ներկայացուցիչներին։
Տեղեկատվությունը հրապարակվել է Վրաստանի կառավարության աշխատակազմի կողմից։