Իրակլի Կոբախիձե. Վրաստանին և Հայաստանին կապում է երկարամյա բարեկամությունն ու համագործակցությունը, և մենք ուրախ ենք, որ այդ բարեկամությունն ու համագործակցությունը վերածվել է ռազմավարական գործընկերության
Մեր երկրներին կապում է երկարամյա բարեկամությունն ու համագործակցությունը, և մենք ուրախ ենք, որ այդ բարեկամությունն ու համագործակցությունը վերածվել է ռազմավարական գործընկերության մեր երկրների միջև,- Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի ավարտից հետո ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցում։
Վարչապետի խոսքով, երկրների միջև երկկողմ այցերի հաճախականությունը վկայում է վրացական կողմի առանձնահատուկ հետաքրքրության մասին հարաբերությունների հետագա խորացման հարցում։
«Ուրախ եմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ եմ Երեւանում։ Անշուշտ, մեր երկկողմ այցերի հաճախականությունը վկայում է վրացական կողմի առանձնահատուկ հետաքրքրության մասին՝ հարաբերությունների հետագա խորացման հարցում։
Ցանկանում եմ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել վարչապետ Փաշինյանին՝ ջերմ հյուրընկալության համար։ Մեր հայ ընկերներին: Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ մեր երկրներին կապում է երկարամյա բարեկամությունն ու համագործակցությունը, և մենք ուրախ ենք, որ այդ բարեկամությունն ու համագործակցությունը վերածվել է ռազմավարական գործընկերության մեր երկրների միջև։ Այս գործընկերությունը և մեր համատեղ ջանքերը մեծ նշանակություն ունեն մեր տարածաշրջանի, նրա անվտանգության, կայունության, բարգավաճման և կայուն զարգացման համար։
Այսօր տեղի ունեցավ Վրաստան-Հայաստան տնտեսական համագործակցության հանձնաժողովի 14-րդ նիստը, որը արդյունավետ էր։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայկական կողմին մեր պատվիրակությանը բարձր մակարդակով հյուրընկալելու համար։
Նշենք, որ հանձնաժողովի կանոնավոր նիստերի անցկացումը չափազանց կարևոր գործոն է երկկողմ համագործակցության հետագա զարգացման և անցյալ տարի ստորագրված «Ռազմավարական գործընկերության հռչակագրում» նախանշված նպատակների իրականացման համար։
Մեր երկրների միջև հատուկ հարաբերությունները չեն բխում բացառապես աշխարհագրական մերձությունից։ Ես կցանկանայի կրկնել այն, ինչ ասացի հանձնաժողովի նիստում. մեր գործընկերությունը շատ ամուր հիմքեր ունի՝ ի դեմս մեր ժողովուրդների միջև հաստատված պատմական բարեկամության։ Սա մեր հարաբերությունների գլխավոր հիմքն է։ Սա վրաց և հայ ժողովրդի դարավոր կապն ու բարեկամությունն է։ Հենց դրա վրա է հիմնված փոխադարձ հարգանքը մեր երկրների և մեր կառավարությունների միջև»,- ասել է վարչապետը։