Իրակլի Կոբախիձե. Վրաստանը երկար տարիներ սպասում էր եվրոպական հեռանկարի պաշտոնական ճանաչմանը, մենք ուրախ ենք, որ այդ հեռանկարը պաշտոնապես ճանաչվել է Եվրահանձնաժողովի կողմից
Իրակլի Կոբախիձե. Վրաստանը երկար տարիներ սպասում էր եվրոպական հեռանկարի պաշտոնական ճանաչմանը, մենք ուրախ ենք, որ այդ հեռանկարը պաշտոնապես ճանաչվել է Եվրահանձնաժողովի կողմից

Վրաստանը երկար տարիներ սպասում էր ԵՄ-ի կողմից եվրոպական հեռանկարի պաշտոնական ճանաչմանը։ Ուրախ ենք, որ Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես ճանաչեց այդ հեռանկարը և թեկնածուի կարգավիճակ ստանալու համար առաջարկեց կոնկրետ ուղեցույց,- հայտարարել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Կոբախիձեն խոսել է Եվրահանձնաժողովի ներկայիս հանձնարարականների մասին։

«Ինչպես գիտեք, Հանձնաժողովը խորհուրդ է տալիս Եվրոպական խորհրդին մի շարք վերապահումներով տրամադրել Ուկրաինային և Մոլդովային ԵՄ թեկնածուի կարգավիճակ և պաշտոնապես ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը, որը հիմք կհանդիսանա մեր երկրին թեկնածուի կարգավիճակ տալու համար։

Եվրահանձնաժողովի հրապարակած որոշման մեջ ասվում է. «Վրաստանը եվրոպական պետություն է, որը հանձնառու է հարգել և ամրապնդել այն արժեքները, որոնց վրա հիմնված է Եվրամիությունը։ Ուստի Հանձնաժողովը խորհուրդ է տալիս Խորհրդին տրամադրել Վրաստանին Եվրամիության անդամ դառնալու հեռանկարը»։ Բացի այդ, փաստաթղթում մասնավորապես նշված են այն պայմանները, որոնց հիման վրա Վրաստանին կտրվի թեկնածուի կարգավիճակ:

Հանձնաժողովի որոշման հիման վրա Եվրոպական խորհուրդը մոտ ապագայում վերջնական որոշում կկայացնի բոլոր երեք երկրների վերաբերյալ։ Սակայն մենք հասկանում ենք, որ շատ մեծ հավանականությամբ Խորհրդի որոշումը համահունչ կլինի հանձնաժողովի եզրակացությանը։

Մենք կրկնում ենք պարզ ճշմարտությունը, որ բոլոր չափելի պարամետրերով Վրաստանն առաջ է թե՛ Ուկրաինայից, թե՛ Մոլդովայից՝ լինի դա ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, մարդու իրավունքների պաշտպանություն և կոռուպցիայի դեմ պայքար, ԵՄ-ի հետ առևտրատնտեսական համագործակցություն: Սակայն մենք նաև հասկանում ենք, որ Եվրահանձնաժողովը և Եվրոպական խորհուրդը քաղաքական որոշումներ են կայացնում, ոչ թե փորձագիտական։ Հետեւաբար, ստեղծված ոչ սովորական քաղաքական իրավիճակում Եվրահանձնաժողովի որոշումն ունի իր տրամաբանական քաղաքական բացատրությունը։

Ռուսաստանի ռազմական ագրեսիան և շարունակվող պատերազմն արդեն իսկ ամենածանր հումանիտար և տնտեսական վնասն են հասցրել Ուկրաինային։ Պատերազմը խլել է տասնյակ հազարավոր ուկրաինացի զինվորականների և խաղաղ բնակիչների կյանքեր, յուրաքանչյուր երրորդ ուկրաինացի տեղահանվել է, երկրի ենթակառուցվածքների մեծ մասն ավերվել է, հարյուրավոր քաղաքներ և գյուղեր ավերվել են, իսկ միջազգային ֆինանսական կառույցները կանխատեսում են Ուկրաինայի տնտեսության 45 տոկոս անկում։ Այս ֆոնին Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալը մի տեսակ փոքր խթան է, որը մեր բարեկամ երկիրը պետք է միանշանակ ստանար Եվրամիությունից։ Այսօր լսեցինք եվրոպացի առաջնորդներից մեկի հայտարարությունն այն մասին, որ նորմալ պայմաններում Ուկրաինան չէր կարող թեկնածուի կարգավիճակ ստանալ, և նա կարգավիճակ է ստանում հենց պատերազմի պատճառով։

Հաշվի առնելով Ուկրաինայում շարունակվող պատերազմի ծանր տնտեսական և հումանիտար ազդեցությունը, Մոլդովան նույնպես պետք է խրախուսվի, ինչը կթեթևացնի նրա ծանր վիճակը, թեկուզ ոչ տնտեսական, բայց քաղաքականապես գոնե որոշ չափով։ Հատկանշական է, որ ներկայիս դժվարությունների լույսի ներքո ԵՄ-ն աչք է փակել Մոլդովայի ռազմաքաղաքական չեզոքության և նույնիսկ ԱՊՀ-ին նրա անդամակցության վրա և, չնայած ամեն ինչին, նրան տվել է թեկնածուի կարգավիճակ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Միաժամանակ, «Վրացական երազանք» կուսակցության նախագահը շնորհավորել է թե՛ Ուկրաինային, թե՛ Մոլդովային՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ, ինչը, ըստ նրա, վերջնականապես կհաստատվի խորհրդի որոշմամբ մեկ շաբաթվա ընթացքում։

«Ինչ վերաբերում է Վրաստանին վերաբերող որոշմանը, ապա Վրաստանը երկար տարիներ սպասում էր ԵՄ-ի կողմից եվրոպական հեռանկարի պաշտոնական ճանաչմանը։ Մենք ուրախ ենք, որ այսօր այս հեռանկարը պաշտոնապես ճանաչվեց Եվրոպական հանձնաժողովի կողմից և առաջարկեց թեկնածուի կարգավիճակ ստանալու կոնկրետ ուղեցույց։

Մենք հասկանում ենք, որ Վրաստանը, ի տարբերություն Ուկրաինայի և նույնիսկ Մոլդովայի, այսօր անհրաժեշտ զոհողությունների չի գնացել այս կարգավիճակը ստանալու համար։ Մենք հասկանում ենք, որ 14 և նույնիսկ 30 տարի առաջ տեղի ունեցած զոհերն ու արյունահեղությունը և 300 000 տեղահանվածներն այսօր, ցավոք, արդեն կորցրել են իրենց արդիականությունը մեր եվրոպացի գործընկերների համար։

Շնորհակալություն ենք հայտնում Վրաստանի կառավարությանը, վարչապետին, արտաքին գործերի նախարարին, կառավարության մյուս անդամներին, խորհրդարանականներին։ Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում ԵՄ յուրաքանչյուր ներկայացուցչի, ով ուշադիր ուսումնասիրել է Վրաստանի հարցը և աջակցել մեր երկրի եվրոպական հեռանկարին։