Իրակլի Կոբախիձե. Վրաստանը աջակցում է Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղ գոյակցությանը, մենք պատրաստ ենք մեր դերը խաղալ տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում
Իրակլի Կոբախիձե. Վրաստանը աջակցում է Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղ գոյակցությանը, մենք պատրաստ ենք մեր դերը խաղալ տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացի դրական դինամիկան և, մասնավորապես, Հայաստանի կառավարության ջանքերը՝ ուղղված հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում ասել է
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, Վրաստանը պատրաստ է իր դերը կատարել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։

«Վրաստանը աջակցում է Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղ գոյակցությանը։ Այս առումով ես կցանկանայի ընդգծել մեր համատեղ ջանքերի կարևորությունը տարածաշրջանում առկա մարտահրավերներին դիմակայելու գործընթացում։ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացի դրական դինամիկան և, մասնավորապես, Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ ուղղված հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը։ Մենք պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում խաղալ մեր դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել այսօր կայացած հանդիպումների կապակցությամբ։ Շատ հետաքրքիր զրույցներ ունեցանք։ Ուրախ եմ, որ ևս մեկ անգամ հնարավորություն ունեցա կարծիքներ փոխանակելու վրաց-հայկական հարաբերությունների և տարածաշրջանում գլոբալ գործընթացների հետ կապված։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետին Վրաստան գալու և վրաց-հայկական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի համար»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։