Իրակլի Կոբախիձե. «Վրացական երազանքի» բարձր վարկանիշը որոշվում է երկու հիմնական գործոնով՝ խաղաղություն և արագ տնտեսական աճ, հատուկ շեշտադրում է արվելու տնտեսական զարգացման վրա
«Վրացական երազանքի» բարձր վարկանիշը պայմանավորված է երկու հիմնական գործոնով՝ առաջին՝ խաղաղություն և երկրորդ՝ արագ տնտեսական աճ,- այս մասին նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է «Վրացական երազանքի» նախընտրական շտաբի ղեկավար, վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կառավարության ղեկավարը նշել է, որ իշխող թիմի նախընտրական ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվում տնտեսության հետագա զարգացմանը։
Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին, կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիին և քաղխորհրդի յուրաքանչյուր անդամի՝ ծրագրի մշակմանը և փաստաթղթի հաստատմանը մասնակցելու համար։
«Մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ վարկանիշային առումով ունենք պատմական առավելագույնը, և դա պայմանավորված է հիմնականում երկու գործոնով՝ առաջինը, որ չնայած ամենադժվար մարտահրավերներին, մեր երկրում խաղաղություն է ապահովվել, և երկրորդը՝ հիմնական. «Վրացական երազանքի» բարձր վարկանիշին տանող գործոնը տնտեսական բուռն աճն է, որը առանձնացրել է մեր երկիրը վերջին երեք-չորս տարիներին։ Հիմա էլ հատուկ շեշտադրում է արվելու տնտեսական զարգացման վրա՝ ելնելով այն հանգամանքից, որ երկրի զարգացումը բոլոր ուղղություններով, բնակչության սոցիալական վիճակի բարելավումը և մեր արտաքին-քաղաքական դիրքերի ամրապնդումը կախված են առաջին հերթին տնտեսությունից»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։