Իրակլի Կոբախիձե. Տնտեսական հարաբերություններում, հատկապես հարևան երկրների միջև, միշտ էլ կա զարգացման ներուժ, և մեզ համար գլխավորն այդ ներուժը առավելագույնս յուրացնելն է
Այսօր ես շատ հետաքրքիր երկկողմ հանդիպում ունեցա վարչապետ Փաշինյանի հետ, խոսեցինք երկկողմ համագործակցության հարցերի, բազմակողմ համագործակցության արդիական թեմաների մասին,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Հայաստանի ու Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող գործընթացների շուրջ։
«Իհարկե, ժամանակակից աշխարհը լի է մարտահրավերներով, և հենց այս մարտահրավերների լույսի ներքո է, որ մեր երկու երկրների միջև սերտ համագործակցությունը առանձնահատուկ կարևորություն ունի։ Միասին մենք կարող ենք ապահովել մեր երկրների ազգային շահերի պաշտպանությունը։ Այն գործընթացները, որոնք զարգանում են մեր շուրջը, ազդում են մեր երկրների քաղաքական դիրքորոշումների վրա, և ես ևս մեկ անգամ կասեմ, որ մեր համագործակցությունն այս առումով շատ կարևոր է։ Վրաստանը միշտ իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել և նպաստել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը, ինչը մեր երկրների զարգացման և բարգավաճման անհրաժեշտ պայման է։ Մենք պատրաստ ենք ապագայում ամեն ինչ անել տարածաշրջանում խաղաղությանն ու զարգացմանը նպաստելու համար։ Շատ կարևոր է, որ մենք հարգում ենք միմյանց ռազմավարական շահերը, միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, և ևս մեկ անգամ օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում վարչապետին, մեր հայ բարեկամներին՝ մեր ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ամուր աջակցության համար»,- ասաց վարչապետը։
Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, Վրաստանի և Հայաստանի հարաբերություններում առանձնահատուկ տեղ են գրավում երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները, և հանձնաժողովի այսօրվա նիստի հիմնական թեման տնտեսական գործընկերությունն էր։
«Մենք գոհ ենք, որ տարիների ընթացքում այս ուղղությամբ դրական միտում ենք ունեցել։ Իհարկե, առևտրատնտեսական հարաբերություններում, հատկապես հարևան պետությունների միջև, միշտ էլ զարգացման ներուժ կա, և մեզ համար գլխավորն այդ ներուժն առավելագույնս յուրացնելն է։ Իհարկե, այս թեմաները մենք քննարկել ենք թե՛ մեր երկկողմ հանդիպմանը, թե՛ հանձնաժողովի այսօրվա նիստում։ Եզրափակելով՝ ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մեր հարաբերություններն ու համագործակցությունը շատ ամուր հիմքեր ունեն, ինչպես նաև շատ մեծ հեռանկարներ։ Իհարկե, մենք ևս մեկ անգամ հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ ավելի ամրապնդելու այս հիմքը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։ Այստեղ ևս մեկ անգամ ցանկանում եմ վարչապետ Փաշինյանին հրավիրել այցելել մեր երկիր։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե այս այցը հնարավորինս շուտ կայանա։ Խորին շնորհակալություն ջերմ հյուրընկալության համար»,- ասել է կառավարության ղեկավարը։