Իրակլի Կոբախիձե. Սա կլինի հերթական՝ 9-րդ անգամը, երբ ընդդիմությունը շատ ծանր պարտություն կկրի այս ընտրություններում, մենք ակնկալում ենք ավելի քան մեկ միլիոն ձայն այս ընտրություններում և սա կլինի ռեկորդային թիվ
Սա կլինի հերթական՝ 9-րդ անգամը, երբ ընդդիմությունը շատ ծանր պարտություն կկրի այս ընտրություններում,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն 27-րդ ընտրատեղամասում, որտեղ կատարել է իր ընտրությունը։
Հարցին, թե ինչու է ընդդիմությունը խոսում իշխանության փոխանցման մասին, վարչապետն ասաց, որ սա սովորական PR հնարք է։
«Իրենք իրականում շատ լավ գիտեն, թե ինչ վարկանիշներ կան։ Մենք երբեք չենք սխալվում, երբ խոսում ենք, երբեք չենք ստում մարդկանց։ Հիշում եք՝ քանի անգամ խաբեցին, վրաց ժողովրդին արդեն ութ անգամ խաբեցին և «Վրացական երազանքը» 8 անգամ համոզիչ հաղթանակ տարավ ընտրություններում։ Նրանք ոչ մի խիղճ ու պատիվ չունեն իրենց ընտրողների աչքերին նորից նայելու՝ ութ անգամ խաբելուց հետո։ Նրանք ութ անգամ ստել են իրենց կողմնակիցներին, այդ թվում՝ ընտրություններում հաղթելու մասին, բայց հետո ընդհանրապես չեն ամաչել, երբ համոզիչ պարտվել են ընտրություններում։ Սա կլինի հերթական՝ 9-րդ անգամը, երբ ընդդիմությունը շատ ծանր պարտություն կկրի այս ընտրություններում։ Եվս մեկ անգամ մենք ակնկալում ենք, որ այս ընտրություններում մեկ միլիոնից ավել ձայն կունենանք, և դա կլինի ռեկորդային թիվ։ Այս ցուցանիշը մի քանի պատճառ ունի: Առաջին պատճառը մեր երկրում խաղաղություն պահպանելն է՝ չնայած ամենածանր ճնշումներին ու շանտաժին, երկրորդը՝ այս չորս տարիների ընթացքում մենք երկրի տնտեսությունը 40 միլիարդ լարիով ավելացրել ենք՝ 50 միլիարդ լարիից հասցնելով 90 միլիարդ լարիի, հետևաբար՝ կրճատվել է գործազրկությունը, աղքատությունը այս երկրում, միջին աշխատավարձը բարձրացել է, միջին աշխատավարձն արդեն անցել է 2 000 լարին, երբ ունեինք միջինը 712 լարի աշխատավարձ: Մենք առաջընթաց ենք գրանցել բոլոր ուղղություններով։ Ես ձեզ ասացի 2012 թվականի տվյալները, իսկ ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա ասացի վերջին 4 տարվա տվյալները։
Նախորդ իշխանությունը մեզ դժբախտություն էր թողել որպես ժառանգություն, երբ հպարտանում էին, թե այս երկրում տնտեսական լավ վիճակ է: Ես ձեզ ասացի այս քառամյա ժամանակահատվածի մասին, մեր երկրի տնտեսությունը 4 տարի առաջ 50 միլիարդ էր, իսկ այս տարվա վերջում այն արդեն 90 միլիարդ լարի է, իսկ մեր խոստումը չորս տարվա ընթացքում 130 միլիարդ լարի է։ Դա անպայման տեղի կունենա մեր ծրագրի հիման վրա»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։