Իրակլի Կոբախիձե. Մինչ. 2025 թվականի վերջ բնական գազ կմատակարարվի հավելյալ 400 բնակավայրերի, ինչի արդյունքում ցանցին կմիանա հավելյալ 57 հազար բաժանորդ
2013 թվականի բյուջեից ֆինանսավորվող մարզային գազաֆիկացման ծրագրի արդյունքում բնական գազամատակարարման ցանցին միացվել է ավելի քան 377 000 հավելյալ բաժանորդ, ինչը շատ կարևոր ձեռքբերում է, և դրանից օգտվում են մեր բազմաթիվ համաքաղաքացիներ,- Էներգետիկի օրվան նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում ասել է Վրաստանի վարչապետը:
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, մինչև 2025 թվականի վերջ բնական գազը կմատակարարվի 400 հավելյալ բնակավայրերի, ինչի արդյունքում ցանցին կմիանա 57 հազար հավելյալ բաժանորդ։
«Առանձին պետք է նշել էներգետիկ ոլորտի ներդրումը Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացում։ 2016 թվականին Վրաստանը դարձավ Էներգետիկ միության անդամ, և դրանից հետո բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել, ինչի արդյունքում Վրաստանի օրենսդրությունը մոտեցվել է այս ոլորտում Եվրամիության օրենսդրությանը։
Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել էկոնոմիկայի նախարարության ողջ թիմին, անձամբ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, առաջին փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլիին՝ բնագավառը հաջողությամբ ղեկավարելու և էներգետիկայի զարգացման բնագավառում ունեցած հատուկ ներդրման համար։ Այն առաջընթացը, որ ունեցել է էներգետիկ բնագավառն այս տարիներին, ոլորտի յուրաքանչյուր մասնագետի, էներգետիկայի յուրաքանչյուր աշխատողի վաստակն է։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզանից յուրաքանչյուրին, յուրաքանչյուր մասնագետի, ով իր ուրույն ներդրումն է ունենում մեր երկրի էներգետիկ անվտանգության և կայունության ապահովման գործում»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։