Իրակլի Կոբախիձե. Մեզ հետաքրքրում է, թե ինչ է ԱՄՆ-ն մտադրում Եվրամիության հետ։ Ավելի հետաքրքիր է, թե ինչ է մտադրում Եվրամիության հետ այն ոչ ֆորմալ իշխանությունը, որը որոշումներ է թելադրում եվրոպական բյուրոկրատիային
Իրակլի Կոբախիձե. Մեզ հետաքրքրում է, թե ինչ է ԱՄՆ-ն մտադրում Եվրամիության հետ։ Ավելի հետաքրքիր է, թե ինչ է մտադրում Եվրամիության հետ այն ոչ ֆորմալ իշխանությունը, որը որոշումներ է թելադրում եվրոպական բյուրոկրատիային

Մեզ հետաքրքիր է, թե ինչ է նախատեսում Ամերիկայի Միացյալ Նահանգները Եվրոպական միության համար, և առավել հետաքրքիր է, թե ինչ է նախատեսում Եվրոպական միության համար այն ոչ ֆորմալ ուժը, որը այսօր թելադրում է կոնկրետ որոշումներ եվրոպական բյուրոկրատիային։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Վրաստանի Առաջին ալիքի «Ակտուալ թեմա՝ Մակա Ծինցաձեի հետ» հաղորդման ընթացքում։

Ինչպես նշել է Կոբախիձեն, Եվրոպական միությունում ընթանում են բավականին ծանր գործընթացներ, և այդ գործընթացները լիովին թելադրված են ոչ ֆորմալ ուժերի կողմից։

«Հետևաբար, ինչ նրանք կորոշեն, դա էլ տեղի կունենա Եվրոպական միությունում։ Այն ձևակերպումները, որոնք ներկայացված են ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարական փաստաթղթում՝ Եվրոպական միության վերաբերյալ, թույլ չեն տալիս կատարել լավատեսական կանխատեսումներ, որովհետև այնտեղ հստակ տեսնում ենք հիմնավորված քննադատություն։ Սակայն նախկինում նման քննադատություն ամերիկյան փաստաթղթերում չի հնչել։ Այն, ինչի մասին մենք խոսում էինք այս 3-4 տարիների ընթացքում, հենց նույնը գրված է այդ փաստաթղթում։ Ոմանց համար դա կարող է ընթերցվել որպես նշան, որ այս միտումների խթանումը կարող է շարունակվել որոշակի ուժերի կողմից։ Տեսնենք, մենք մարգարեությամբ զբաղվելու մտադրություն չունենք։ Մենք փոքր երկիր ենք և պարզապես կարող ենք հետևել, թե ինչպես են խոշոր ուժերը՝ ԱՄՆ-ն ու Եվրոպական միությունը, համագործակցում։ Պարզապես մեր շահերից է բխում, որ Եվրոպական միությունը հզորանա, և ինչպես նշվում է այդ փաստաթղթում, մեր շահերից է բխում, որ ԵՄ-ում ձևավորված բացասական միտումները շրջվեն դեպի դրականը։ Եթե դա հաջողվի, դա շատ կարևոր կլինի ոչ միայն սուբյեկտիվորեն մեզ համար՝ որպես ԵՄ անդամակցության ձգտող երկրի, այլ նաև բոլորիս սրտին մոտ է Եվրոպայի մայրցամաքը», – ասել է Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ Եվրոպան համաշխարհային մասշտաբով բոլոր մյուս խոշոր սուբյեկտներից տարբերվում էր երկու բանով՝ բարեկեցության և ինքնության բարձր մակարդակով։

«2008 թվականին Եվրոպական միությունը առաջին տեղում էր, երբ ԵՄ ընդհանուր ներքին արդյունքը գերազանցում էր 19 տրիլիոնը, ԱՄՆ-ը՝ 15 տրիլիոն, իսկ Չինաստանը՝ 4 տրիլիոն։ Հիմա Չինաստանը հասել է 18 տրիլիոնի, ԱՄՆ-ն՝ գրեթե 30 տրիլիոնի, իսկ ԵՄ-ն մնացել է մոտ 19 տրիլիոնի վրա։ Տեսնում եք, թե ինչ միտումներ են աշխարհում։ ԵՄ-ն ուներ մեկ ուժեղ կողմ՝ բարձր բարեկեցության մակարդակ և երկրորդ՝ բարձր ինքնություն։ Դա միակ սուբյեկտն էր, որն ամբողջ աշխարհում առանձնանում էր միաժամանակ այս երկու հատկություններով՝ բարեկեցության բարձր մակարդակ և ինքնության բարձր մակարդակ։ Տեսնում եք, որ ԵՄ-ն տարեցտարի արագ տեմպերով կորցնում է երկուսը՝ և՛ բարեկեցությունը, և՛ ինքնությունը։ Սա ևս մեկ անգամ վկայում է այն ոչ ֆորմալ ուժերի ազդեցության մասին, որոնք ամբողջությամբ թելադրում են ԵՄ զարգացման միտումները։ Եթե սա շարունակվի, Եվրոպային ծանր ապագա է սպասվում։ Մեզ սրտամոտ է ոչ միայն ԵՄ-ն որպես ինստիտուտների համախումբ և քաղաքական սուբյեկտ, այլ, նախևառաջ, մեզ սրտամոտ է Եվրոպական մայրցամաքը և այն գործընթացները, որոնք կապված են բարեկեցության նվազման և ինքնության թուլացման հետ։ Ընդհանուր հույս պետք է պահենք, որ ԵՄ-ում այս միտումները կշրջվեն։ Ինչ դերակատարություն կունենա ԱՄՆ-ն այս հարցում, պետք է սպասենք։ Մեզ համար դժվար է հարյուր տոկոսով կանխատեսում անել։ Տեսնենք, հուսանք, որ ԱՄՆ-ն դրական ազդեցություն կունենա ԵՄ-ում ընթացող գործընթացների վրա։ Իսկ ավելի կարևոր է՝ ինչ ազդեցություն կունենան ոչ ֆորմալ ուժերը ԵՄ-ում ընթացող գործընթացների վրա», – նշել է Իրակլի Կոբախիձեն։