Իրակլի Կոբախիձե. Մենք վստահ ենք, որ խաղաղությունն ու զարգացումը կպահպանվեն, դրա միակ երաշխիքը «Վրացական երազանք»-ն , ակտիվության տվյալները ցույց են տալիս նաև, որ սահմանադրական մեծամասնություն ստանալն իրական է
«Վրացական երազանք»-ի նախընտրական շտաբի ղեկավար, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի կարծիքով, հոկտեմբերի 26-ի ընտրությունները շատ սկզբունքային են երկրի համար։
Ինչպես նշել է Կոբախիձեն «Վրացական երազանք»-ի գրասենյակում կայացած ճեպազրույցում, կարևոր է ընտրողների բարձր մասնակցությունը։
«Այս ընտրություններում կորոշվի, թե որ ուղղությամբ կզարգանա երկիրը, այդ թվում՝ կկարողանա՞նք պահպանել խաղաղությունը, եթե գործընթացներն ընթանան մեր երկրում իրադարձությունների զարգացման համար արմատական ընդդիմության առաջարկած սցենարով։ Համոզված ենք, որ խաղաղությունը կպահպանվի, կապահովվի երկրի առաջընթացն ու զարգացումը։ Սրա միակ երաշխիքն այս երկրում «Վրացական երազանքն» է՝ մեր քաղաքական միավորումը։ Մենք հավակնոտ խնդիր ունենք՝ ստանալ ոչ միայն պարզ մեծամասնություն Վրաստանի խորհրդարանում, այլ մեր ցանկությունն է ստանալ սահմանադրական մեծամասնություն։ Նախնական տվյալներով՝ սա միանգամայն իրատեսական խնդիր է։ Այսօրվա ակտիվության տվյալները ցույց են տալիս նաև, որ բացարձակապես հնարավոր է սահմանադրական մեծամասնություն ստանալ, մնացածն առաջին հերթին կախված է ընտրողի ակտիվությունից, յուրաքանչյուր ընտրողի քվեն, կարևոր է բարձր մասնակցությունը, որպեսզի կարողանանք սահմանադրական մեծամասնություն ստանալ, որը կլինի. Երկրի կայուն, երկարաժամկետ զարգացման ամենահուսալի երաշխիքը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։