Դեբատը, այսինքն՝ ճշմարտության վերաբերյալ քննարկումը, ժողովրդավարության ամենահիմնական հենասյուներից մեկն է։ Դեբատը հասարակությանը հնարավորություն է տալիս լսել և վերլուծել տարբեր կարծիքներ ունեցող մարդկանց տեսակետները և ընտրություն կատարել այն կողմի օգտին, որի կարծիքը առավել ճիշտ է համարում, – այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին գրել է սոցիալական ցանցում։
Ղարիբաշվիլու խոսքով՝ հենց նման հենասյունի վրա է հիմնադրվել իսկապես ժողովրդավարական պետության՝ ժողովրդի իշխանության հիմքը։
«Դեբատները դարերի ընթացքում ունեցել են տարբեր ձևեր՝ սկսած հանրային հավաքների ժամանակ անցկացվող «քննարկման հարթակներից» մինչև հեռուստադեբատները, բայց դրանց նպատակը միշտ նույնն է եղել՝ բացառապես հասարակության մեծամասնությունը պետք է որոշեր և որոշում կայացներ այն դիրքորոշման օգտին, որն առավել մոտ է իր արժեքներին, պատկերացումներին և պահանջներին։
Քանի որ դեբատների մշակույթը եվրոպական քաղաքակրթության առանձնահատուկ մաս է, ժողովրդավարության այս անփոխարինելի հենասյունը առավելագույնս զարգացել է հենց Եվրոպայի մայրցամաքում, եվրոպական երկրներում՝ ամենաբարձր մակարդակով։ Դեբատները անցկացվել են հասարակական կյանքի բոլոր ոլորտներում և բոլոր թեմաներով՝ լինի դա քաղաքականություն, բիզնես, շրջակա միջավայրի պաշտպանություն, մշակույթ, սպորտ կամ այլ։ Այս ձևաչափով հասարակությունն առավելագույնս տեղեկացված էր ցանկացած մարտահրավերի կամ ձեռքբերման վերաբերյալ, ինչը վերջնական արդյունքում մարդկանց տալիս էր ճիշտ ընտրություն կատարելու հնարավորություն։
Ցավոք, Եվրոպայի մայրցամաքում 2008 թվականից հետո իրավիճակը սկսեց աստիճանաբար վատթարանալ, ինչը ուղղակիորեն կապված է եվրոպական քաղաքականության վրա այսպես կոչված «խորը պետության», նույնինքն ոչ ֆորմալ օլիգարխիկ կառավարման ազդեցության աճի հետ։ Այն պահից, երբ սկսվեց Եվրամիության և կոնկրետ եվրոպական պետությունների ինքնիշխանության կտրուկ թուլացման ու եվրոպական ժողովրդավարության արագ հետընթացի գործընթացը, այն պահից, երբ Եվրոպայում խորապես արմատավորվեց գործակալական կառավարումը և կեղծ ազատական արժեքները, ոչ ֆորմալ կառավարողները իրենք ստեղծեցին արհեստական խնդիրներ՝ ինչպիսիք են ԼԳԲՏ և գենդերային ինքնության հարցերը, «կանաչ քաղաքականությունը» և այլն, և իրենք էլ առաջարկեցին հասարակությանը այդ արհեստական խնդիրների լուծման ուղիներ։ Այս գործընթացում նրանք խլեցին մարդկանց ընտրության հնարավորությունը, շեղեցին ուշադրությունը իրական խնդիրներից դեպի հորինված ու աբսուրդ թեմաներ, և արդյունքում մենք ստացանք այն, որ եվրոպական քաղաքականությունը լիովին զրկվեց ժողովրդավարության մի շատ կարևոր ու անհրաժեշտ հենասյունից՝ առողջ դեբատներից։
Ոչ ֆորմալ կառավարողները եվրոպական երկրներին ենթարկեցնելու համար զենքի փոխարեն օգտագործում են այսպես կոչված «փափուկ մեթոդը»՝ գաղափարական և տեղեկատվական ճնշում՝ մարդկանց գիտակցության վրա, իսկ այս նպատակի դեմ ուղղակի հակասում են առողջ դեբատները, իրավիճակի հանրային քննադատությունն ու վերլուծությունը։ Այդ պատճառով այս «խնդրի» լուծման վրա ծախսվել է բավականին մեծ ժամանակ, ռեսուրսներ և էներգիա։ Մասնավորապես՝ 2020 թվականից սկսած, առաջատար եվրոպական մեդիայում մեկը մյուսի հետևից փակվել են հայտնի, վարկանիշային և հայտնի դեբատներ, ինչի արդյունքում հասարակական կյանքից անհետացել է քննարկման և այլընտրանքային կարծիքի լսելու հնարավորությունը», – գրում է Ղարիբաշվիլին։
Վարչապետի խոսքով՝ եվրոպական ժողովրդավարության կործանման նպատակով ոչ ֆորմալ կառավարողները հաջողությամբ ճնշել են այլ կարծիքները և փակել են ամենակարևոր հարթակները, որտեղ հնարավոր էր արտահայտել այդ կարծիքները և հասցնել հանրությանը։
«Ցավոք, ոչ ֆորմալ օլիգարխիկ կառավարման ծրագիրը՝ ճնշել այլ կարծիքները, ոչնչացնել ցանկացած տարածք դեբատի համար և հնարավորինս սահմանափակել իրենց գաղափարախոսության բացահայտմանն ուղղված ցանկացած հանրային հարթակ, մասնակիորեն անդրադարձել է նաև Վրաստանին։ Սակայն տարբերությունն այն է, որ «խորը պետության» գործակալները կարողացել են հասնել միայն մեկ բանի՝ երկրում քաղաքական, տնտեսական կամ սոցիալական դեբատների բազմամյա մշակույթի ընդհատման։ Այս հանձնարարության հիմնական կատարող դարձավ Նիկա Գվարամիան։ Երբ նրա հովանավորները հասկացան, որ բանավեճերի ժամանակ հասարակությունն ի վիճակի է հեշտությամբ տարբերել ճշմարտությունը սուտից, նրանք մեդիայում ներմուծեցին այս ոլորտի համար լիովին օտար մի անձ՝ Գվարամիային, և նրան տվեցին կոնկրետ հանձնարարություն՝ առաջացնել լրիվ ռադիկալացում։
Գվարամիան հաջողությամբ կատարեց այդ հանձնարարությունը – նա մեդիայում դարձրեց ստերը, հայհոյանքը, վիրավորանքը, զրպարտությունը և հիստերիան նորմա, և վերջնական արդյունքում ստեղծեց այնպիսի թունավոր մեդիա միջավայր, որ նորմալ, առողջ մարդը այլևս չի ցանկանում մասնակցել բանավեճին, որն ի վերջո ավարտվում է վիրավորանքով։ Իր հերթին, այս իրավիճակն այն աստիճանով պառակտեց հասարակությանը, որ խլեց ժողովրդավարության հիմնական սկզբունքից օգտվելու հնարավորությունը՝ լսել տարբեր դիրքորոշումները և ըստ իր համոզմունքների կատարել ընտրություն։ Այսօր մենք տեսնում ենք, մի կողմից՝ լիովին մարգինալացված, կուսակցական միավոր, որն առհասարակ կապ չունի լրագրության հետ, իսկ մյուս կողմից՝ մեդիա, որը ստեղծված իրավիճակից ելնելով ստիպված է իր ֆունկցիան կատարելու հետ մեկտեղ անընդհատ արձագանքել հակառակ կողմից եկող ապատեղեկատվության հոսքին։
Եվ քանի որ հեշտ է բացահայտել արհեստականորեն ստեղծված, հակադրված և պառակտված միջավայրի նպատակները, իրականացնողներին և խնդիրները՝ մենք պարտավոր ենք շտկել այս անառողջ իրավիճակը. պարտավոր ենք վրաց ժողովրդին վերադարձնել ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից մեկից՝ դեբատներից օգտվելու իրավունքը, և թույլ չտալ ոչ ֆորմալ ուժերին ու նրանց «վրացի» գործակալներին պարտադրել մեզ իրենց օրակարգը։ Որպեսզի ապագայում վրաց ժողովուրդը կարողանա կատարել ցանկացած ընտրություն՝ հիմնվելով ճիշտ վերլուծության վրա, մենք պետք է նրան հնարավորություն տանք հանրային ձևով լսել բոլոր այն քաղաքական խմբերի դիրքորոշումները, որոնք հավակնում են իշխանության։ Մենք պետք է վերադառնանք հանրային քննարկման մշակույթին հասարակական կյանքում, ինչը կենսականորեն կարևոր է լիարժեք ժողովրդավարության գործունեության համար», – գրում է Իրակլի Ղարիբաշվիլին։