Իրակլի Կոբախիձե. «Հավաքների և ցույցերի մասին» օրենքը նախագահին չի ուղարկվի և ուժի մեջ կմտնի առանց նրա ստորագրության
Իրակլի Կոբախիձե. «Հավաքների և ցույցերի մասին» օրենքը նախագահին չի ուղարկվի և ուժի մեջ կմտնի առանց նրա ստորագրության

«Հավաքների և ցույցերի մասին» օրենքը նախագահին չի ուղարկվի և ուժի մեջ կմտնի առանց նրա ստորագրության,- «Իմեդի» հեռուստաընկերությանը հայտնել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք որոշեցինք հավաքների մասին օրենքում փոփոխությունները չուղարկել նախագահին նրա ստորագրության համար, քանի որ խորհրդարանն այս օրենքն ընդունել է ոչ թե Վրաստանի Սահմանադրության 45-46-րդ հոդվածների հիման վրա, այլ՝ 36-րդ հոդվածով։ Ըստ այդմ՝ օրենքը ուժի մեջ կմտնի անմիջապես առանց նախագահի ստորագրության»,- ասել է Կոբախիձեն։

Խորհրդարանը երեկ հավանություն է տվել «Հավաքների եւ ցույցերի մասին» օրենքի նախագծին։ Փոփոխությունների համաձայն՝ հավաքի և ցույցի մասնակիցներին արգելվում է ժամանակավոր շինություններ հիմնել, եթե դրանց դասավորությունը վտանգ է ներկայացնում հավաքի կամ ակցիայի մասնակիցների կամ այլ անձանց համար, խոչընդոտում է ոստիկանության կողմից հասարակական կարգի և անվտանգության պահպանումը, առաջացնում է ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն գործունեության խաթարում։ Բացի այդ, հանրային տարածքի արտաքին տեսքի խեղաթյուրումից խուսափելու համար հավաքի կամ ցույցի մասնակիցներին կարգելվի ստեղծել ժամանակավոր կառույց, եթե առանց դրա կազմակերպման հավաքը կամ ցույցը էականորեն չի խոչընդոտվի։