Իրակլի Կոբախիձե. Ցավոք, որոշ մարդիկ գիտակցված փորձում են երկրում ստեղծել բացասական սպասումներ, սակայն, բարեբախտաբար, նրանց կանխատեսումներն ու ծրագրերը չեն իրականանում
Իրակլի Կոբախիձե. Ցավոք, որոշ մարդիկ գիտակցված փորձում են երկրում ստեղծել բացասական սպասումներ, սակայն, բարեբախտաբար, նրանց կանխատեսումներն ու ծրագրերը չեն իրականանում

Հիշու՞մ եք, մեր քաղաքական ընդդիմախոսները կանխատեսում էին տնտեսական ճգնաժամ Վրաստանում և փորձում էին նման ընկալում ստեղծել հանրության մեջ, թե երկիրը գնում է դեպի տնտեսական ճգնաժամ, – այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է կառավարության այսօրվա նիստում։

«Ուզում եմ հիշել նրանց ներկայացուցիչներից մեկի մեկնաբանությունը, ով հունվարի 17-ին ասում էր, որ երեք ամսում դոլարի նկատմամբ փոխարժեքը կլինի մոտ 3.1։ Անցել է երեք ամիս, մի փոքր էլ ավելի, և լարիի փոխարժեքը մոտ 2.75 է։ Տնտեսության 2 տոկոսանոց անկում էր կանխատեսվում մի նախկին քաղաքական գործչի և ներկայումս արդեն փորձագետի կողմից։ Ինչպես արդեն ասվեց, առաջին եռամսյակում ունենք 9.3% տնտեսական աճ, ինֆլյացիա՝ 6%։ Նման էր կանխատեսումը։ Ասվում էր նաև, որ հարկային եկամուտների պլանը չի կատարվի, սակայն, ինչպես տեսնում եք, առաջին եռամսյակում այդ պլանը գերակատարվել է ավելի քան 120 միլիոն լարիով», – նշել է Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ շատ ցավալի է, որ որոշ մարդիկ լիովին գիտակցված փորձում են երկրում ստեղծել բացասական սպասումներ և տարածել նիհիլիզմ։

«Սա ունի կոնկրետ քաղաքական պատճառներ։ Սա է պատվերը, որը կատարում են որոշ մարդիկ՝ մեր քաղաքական ընդդիմախոսները։ Բարեբախտաբար, նրանց կանխատեսումները չեն իրականանում, և նրանց ծրագրերը չեն իրականացվում։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի արդարացնենք ոչ թե այդ մարդկանց, այլ մեր հասարակության սպասումները։ Մեր հասարակության շահերից է բխում, որպեսզի տնտեսությունը զարգանա հնարավորինս արագ, ստեղծվեն նոր աշխատատեղեր, աճի աշխատողների աշխատավարձը, ունենանք բարձր մակարդակի ֆինանսական կոնսոլիդացիա։ Բոլոր ուղղություններով մենք ջանք չենք խնայի, որպեսզի տնտեսական աճի առաջընթացը շարունակվի», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։