Իրակլի Կոբախիձե. Այսօրվա օրը նշան է, որ երկիրն ու ժողովուրդը հաստատակամորեն կանգնած են արժեքների պահպանության առաջնագծում, թեև որոշ ուժեր փորձում էին պարտադրել աղճատված գաղափարախոսություն

15:58, 17.05.2025

Ցանկանում եմ բոլորին շնորհավորել այսօրվա օրը։ Տեսնում եք, ինչպիսի միասնություն է, և ամենակարևորը՝ մարդիկ միավորված են սիրո գաղափարի և ավանդական արժեքների հանդեպ հավատարմության գաղափարի շուրջ, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օրվան նվիրված երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ չնայած որոշ ուժեր փորձել են վրացական հասարակությանը պարտադրել արհեստական և աղճատված գաղափարախոսություն, այդ պայքարում հաղթանակ է տարել վրաց ժողովուրդը։

«Մեզ անհրաժեշտ է միասնություն արժեքների շուրջ, և մենք կրկին պետք է շնորհակալություն հայտնենք մեր կաթողիկոս պատրիարքին՝ այս օրը սահմանելու համար։ Շնորհակալություն պետք է հայտնենք նաև պատրիարքական գահակից Շիոյին, որը գլխավորում է այսօրվա երթը։ Սա չափազանց կարևոր օր է յուրաքանչյուրիս, յուրաքանչյուր վրացու և մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար։ Այս օրը նշան է այն բանի, որ մեր երկիրը, մեր ժողովուրդը ուժեղ և հաստատուն է, և հասարակությունը ամուր պաշտպանում է արժեքները։ Դուք գիտեք, որ տարբեր երկրներում գոյություն ունեն բավականին խնդրահարույց միտումներ, որոնք ամբողջությամբ արհեստական են։ Որոշ ուժեր փորձել են նման արհեստական, աղճատված գաղափարախոսություն պարտադրել նաև մեր երկրին և հասարակությանը, սակայն տեսնում եք, որ այս պայքարում հաղթանակ տարավ վրաց ժողովուրդը։ Վրացական հասարակությունը հաստատուն կերպով պաշտպանում է հենց ավանդական արժեքները՝ այն արժեքները, որոնց վրա պատմականորեն հիմնված է մեր երկիրը և մեր ժողովուրդը», – նշել է վարչապետը։

Նմանատիպ