Իրակլի Կոբախիձե. Այսօրվա աշխարհում, որտեղ խաղաղությունը դարձել է լուրջ մարտահրավեր, Վրաստանը հաջողության լավագույն օրինակն է, որին իրենց առանձնահատուկ ներդրումն են ունեցել ՊԱԾ ներկայացուցիչները
Իրակլի Կոբախիձե. Այսօրվա աշխարհում, որտեղ խաղաղությունը դարձել է լուրջ մարտահրավեր, Վրաստանը հաջողության լավագույն օրինակն է, որին իրենց առանձնահատուկ ներդրումն են ունեցել ՊԱԾ ներկայացուցիչները

Այսօրվա աշխարհում, որտեղ խաղաղությունն ու կայունությունը դարձել են ամենամեծ մարտահրավերը, Վրաստանը հաջողության լավագույն օրինակն է, որում պետական անվտանգության ծառայության յուրաքանչյուր ներկայացուցչի առանձնահատուկ ներդրում կա, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ պետական անվտանգության ծառայության հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում։

Իրակլի Կոբախիձեն, նախագահ Միխեիլ Ղավելաշվիլու և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ միասին, պետական անվտանգության ծառայության ղեկավարությանը և յուրաքանչյուր աշխատակցին շնորհավորել է հոբելյանական տարեդարձի առթիվ և շնորհակալություն հայտնել երկրի խաղաղության և կայունության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։

«Այսօրվա աշխարհում, որտեղ խաղաղությունն ու կայունությունը դարձել են ամենամեծ մարտահրավերը, Վրաստանը հաջողության լավագույն օրինակն է, որում դուք՝ պետական անվտանգության ծառայության յուրաքանչյուր ներկայացուցիչ, ունեք առանձնահատուկ ներդրում։ Ձեր պրոֆեսիոնալիզմի և անխոնջ աշխատանքի արդյունքն է, որ պետությունը հաջողությամբ կանխել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերի կողմից պլանավորված բազմաթիվ սցենարներ, որոնք նպատակ ունեին ստեղծել քաղաքական անկայունություն և իշխանության բռնի փոփոխություն։ Ձեր շնորհիվ երկիրը հաղթահարել է ամենածանր ճգնաժամերը, որոնք սպառնում էին ոչ միայն Վրաստանին, այլև ողջ տարածաշրջանի կայունությանը։ Սևծովյան տարածաշրջանում առկա բարդ իրավիճակի պայմաններում մեր երկիրը շարունակում է կանգնել բազմաթիվ մարտահրավերների առաջ։ Վտանգների հիմնական աղբյուրներից մեկը մնում է Վրաստանի շրջանների ժամանակավոր օկուպացիան։ Ձեր ջանքերը ապահովում են օկուպացիոն գծի երկայնքով կայուն միջավայրի պահպանությունը։ Առանձնահատուկ է ձեր ներդրումը ինչպես ապօրինի կալանավորված անձանց ազատ արձակման, այնպես էլ օկուպացված տարածքներում ապրող մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում։ Պարոն Անրի, ցանկանում եմ հատկապես ընդգծել անձամբ Ձեր և Ձեր կառույցի ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում։ Կոռուպցիան պետության համար ամենամեծ վտանգներից մեկն է․ այն խոչընդոտում է հանրային կառույցների արդյունավետ գործունեությանը, քայքայում է քաղաքացիների վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ և դանդաղեցնում է երկրի զարգացումը, ինչին մենք երբեք չենք կարող համաձայնել։ Մեր առաջնահերթությունն է արդյունավետ հակակոռուպցիոն մեխանիզմների ուժեղացումը, ինչում Ձեր ծառայությունն ունի առանցքային դեր։ Ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել կառավարության լիակատար աջակցությունը այս ուղղությամբ», – նշել է Իրակլի Կոբախիձեն։

Պետական անվտանգության ծառայության աշխատակիցներին ծառայության 10-ամյակի կապակցությամբ շնորհավորել են նաև նախագահը և խորհրդարանի նախագահը։ Ծառայության կատարած աշխատանքն ամփոփել և ապագա ծրագրերի մասին խոսել է պետական անվտանգության ծառայության ղեկավար Անրի Օխանաշվիլին՝ շնորհակալություն հայտնելով կառավարությանը և խորհրդարանին կառույցի աջակցության համար։

Պետական անվտանգության ծառայության 10-ամյակի կապակցությամբ Անրի Օխանաշվիլին ծառայության աշխատակիցներին պարգևատրել է տարբեր աստիճանի պետական պարգևներով։ Պետական անվտանգության ծառայության առաջին աստիճանի և պատվո մեդալներ հանձնվել են կառույցի 328 աշխատակցի։