Իրակլի Կոբախիձե. Այսօր շատ սկզբունքային, վճռական, հանրաքվեի համարժեք ընտրություններ են, որտեղ վերջնականապես պետք է որոշվի երկրի զարգացման ուղղությունը
Իրակլի Կոբախիձե. Այսօր շատ սկզբունքային, վճռական, հանրաքվեի համարժեք ընտրություններ են, որտեղ վերջնականապես պետք է որոշվի երկրի զարգացման ուղղությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քվեարկել է Վակեի ընտրատարածքում ներառված քսանյոթերորդ տեղամասում։

Ինչպես նա ասաց լրագրողներին, սա հանրաքվեին համարժեք ընտրություններ են, որտեղ պետք է որոշվի երկրի զարգացման ուղղությունը։

«Այսօր մենք պետք է մեզ եւս մեկ անգամ հիշեցնենք, որ սա շատ սկզբունքային, վճռական ընտրություններ են, հանրաքվեին համարժեք ընտրություններ։ 2012 թվականի ընտրություններին հավասար ընտրություններ, որտեղ ևս մեկ անգամ պետք է վերջնականապես որոշվի երկրի զարգացման ուղղությունը։ Սա հանրաքվե է պատերազմի և խաղաղության, անբարոյական քարոզչության և ավանդական արժեքների միջև, անցյալի և երկրի պայծառ ապագայի միջև:

Դուք տեսնում եք, որ այս ընտրություններում էապես երկու քաղաքական ուժ կա: Մի կողմն առաջարկում է մեզ այն ամենը, ինչ մենք պետք է թողնենք անցյալում, մենք ընտրողներին առաջարկում ենք երկրի պայծառ ապագա, խաղաղություն, տնտեսական առաջընթաց և զարգացում երկրի բոլոր ուղղություններով։ Մենք լավատեսական կանխատեսում ունենք, ակնկալում ենք ձայների մինչև 60 տոկոսը, սա սկզբունքորեն կարևոր է երկրի կայուն և խաղաղ զարգացումը շարունակելու համար»,- ասել է Կոբախիձեն։

Կոբախիձեն բոլոր քաղաքական կուսակցություններին կոչ է արել ճանաչել ԿԸՀ-ի ներկայացրած արդյունքները։

«Կոչ եմ անում բոլոր քաղաքական կուսակցություններին ճանաչել ԿԸՀ-ի ներկայացրած ընտրությունների արդյունքները։ Սա մեր և ընդդիմության սկզբունքային տարբերություններից մեկն է։ Մենք միշտ հետևում ենք ԿԸՀ-ի հրապարակած արդյունքներին։ Ես նաեւ կոչ եմ անում ընդդիմությանը, երբ հայտարարվի 60 տոկոսանոց արդյունքը, հաշտվել այն փաստի հետ, որ վրաց ժողովուրդը վերջնական հրաժարվեց իրենցից, վրաց ժողովուրդը վերջնական հրաժարվեց վերադառնալ մութ անցյալ»,- ասել է Կոբախիձեն։