Իրակլի Կոբախիձե. Այսօր մեծ նշանակություն ունի այն գիտակցումը, որ եվրոպական քաղաքակրթությունը ձևավորվել է քրիստոնեական բարոյականության, մարդկային արժանապատվության անձեռնմխելիության և ազատության իդեալների հիմքի վրա. դեպի եվրոպական ընտանիք տանող մեր ուղին հենվում է հենց այս արժեքների վրա
Այսօր, երբ եվրոպական տարածքը կանգնած է լուրջ քաղաքական, գաղափարախոսական, ժողովրդագրական ու արժեքային մարտահրավերների առջև, էլ ավելի է կարևորվում այն գիտակցումը, որ եվրոպական քաղաքակրթությունը ձևավորվել է քրիստոնեական բարոյականության, մարդկային արժանապատվության անձեռնմխելիության և ազատության իդեալների հիմքի վրա»,- այս մասին «Եվրոպական քաղաքակրթության հիմքերը և քրիստոնեության 1700-ամյակը Վրաստանում» միջազգային համաժողովի իր ելույթում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ սա այն ամուր հիմքն է, որը որոշում է եվրոպական ազգերի ինքնությունը, և որի պաշտպանությունն այսօր առավել քան արդիական է:
«Դեպի ընդհանուր եվրոպական ընտանիք տանող մեր ուղին հենց այն ճշմարիտ արժեքների վրա է հենված, որոնք էլ ստեղծել են այս մեծ քաղաքակրթությունը: Վրաստանը հետագայում ևս անշեղորեն կշարունակի այս ճանապարհը. մենք կպահպանենք մեր ավանդույթները, հոգևոր ինքնությունն ու բազմադարյա ժառանգությունը:
Շնորհակալություն եմ հայտնում միջազգային համաժողովի կազմակերպիչներին, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին և մեր օտարերկրացի հյուրերին Թբիլիսի ժամանելու համար: Վստահ եմ, որ քննարկումը նշանակալի ներդրում կունենա ընդհանուր եվրոպական ապագայի և հոգևոր արժեքների ամրապնդման գործում:
Կրկին շնորհավորում եմ այս պատմական տարելիցի՝ Վրաստանում քրիստոնեության 1700-ամյակի առթիվ, և մաղթում արդյունավետ աշխատանք ու հաջողություններ»,- հայտարարել է վարչապետը: