Իրակլի Կոբախիձե. Այսօր ընտրությունը շատ պարզ է՝ թե թեկնածուների, թե երկու քաղաքական ուժերի միջեւ
Այսօր ընտրությունը շատ պարզ է՝ թե՛ թեկնածուների, թե՛ երկու քաղաքական ուժերի միջեւ։ Մի կողմում քաղաքական կուսակցությունն է, որը ժողովրդին խոստանում է անկարգություններ և քաոս, մյուս կողմում քաղաքական կուսակցություն է, որը խոստանում է կայունություն, խաղաղություն և զարգացում,- լրագրողներին իր ընտրությունը կատարելուց հետո ասաց «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Նա ասաց, որ ընտրությունը շատ պարզ է, և ինքը համապատասխան ընտրություն է կատարել։
«Դա մեկ ընտրություն է: Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա Թբիլիսիի դեպքում կա մի թեկնածու, ով այս տարիների ընթացքում ոչինչ ցույց չի տվել, բացի նրանից, որ սնանկացրել է ընկերությունները, ներխուժել պետական հիմնարկների շենքերը և մշտապես խուլիգանություն արել։ Մյուս կողմում թեկնածուն է, ով 4 տարի հոգացել է Թբիլիսիի զարգացման համար, և ով ունի Թբիլիսիի առաջիկա չորս տարիների զարգացման շատ կոնկրետ տեսլական։ Ուստի, կարծում եմ, որ ընտրությունը շատ պարզ է, և ես համապատասխան ընտրություն կատարեցի»,- ասել է Կոբախիձեն։