Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլիի հետ հանդիպել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (UEFA) պատվիրակության հետ։ Հանդիպմանը քննարկվել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների հավաքականների առաջնությունը Վրաստանում անցկացնելու նախապատրաստական ընթացքը։
Վրաստանն առաջնությունը կհյուրընկալի այս տարվա հունիսի 21-ից հուլիսի 8-ը։
UEFA-ի հատուկ թիմում ընդգրկված էին UEFA-ի գործառնությունների տնօրեն Շերոն Բուրկհալտեր-Լաուն, UEFA-ի մրցաշարերի և միջոցառումների պլանավորման ղեկավար Պիտեր Նորդենստրոմը, U21 ծրագրի ղեկավար Բետինա Գրեսելը և հատուկ խորհրդատու Լուի Սիլվան:
UEFA-ի ներկայացուցիչները առաջնության կազմակերպչական խմբի անդամների և ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ միասին եղել են Քութաիսիի Ռամազ Շենգելիայի և Թբիլիսիի Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտերում։ Այցի ավարտին հյուրերը հանդիպել են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի հետ։
Իրակլի Քարսելաձեն հանդիպման մասնակիցներին մանրամասն տեղեկացրել է Թբիլիսիի, Քութաիսիի, Ծղալտուբոյի, Քոբուլեթիի և Բաթումիի մարզական ենթակառուցվածքների վերականգնման շրջանակներում Մունիցիպալ զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին։
Նշվեց, որ առաջնության նախապատրաստական աշխատանքներում ներգրավված են բազմաթիվ պետական գերատեսչություններ, և գործընթացն ընթանում է ըստ նախատեսվածի: Հանդիպման կողմերը քննարկել են բոլոր մարզադաշտերի հետ կապված աշխատանքների ժամանակացույցը և նշել, որ շարունակելու են համագործակցությունը սերտ շփման ռեժիմում։
UEFA-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել աշխատանքների ընթացքը և հույս հայտնել, որ բոլոր ընթացիկ աշխատանքները հաջողությամբ կավարտվեն։
UEFA-ի մինչև 21 տարեկանների հավաքականների Եվրոպայի առաջնությունը Վրաստանում արժանապատիվ անցկացնելու համար կկազմակերպվեն գործող և լրացուցիչ 10 ենթակառուցվածքային օբյեկտները։
Վերականգնողական և շինարարական աշխատանքների համար նախատեսված է 100 մլն լարի։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։