Իրակլի Ղարիբաշվիլին Տոյվո Կլաարի հետ քննարկել է իրավիճակը Վրաստանի օկուպացված տարածքներում
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահ, Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահին՝ հակամարտության խաղաղ կարգավորման գործում ներդրած ջանքերի համար:
Հանդիպման ընթացքում վարչապետն ընդգծել է Իրակլի Բեբուայի և ապօրինի կալանավորված Վրաստանի այլ քաղաքացիների ազատ արձակմանն ուղղված միջազգային ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը: Ընդգծվեց Ժնևի միջազգային բանակցությունների ձևաչափում արդյունավետ, շոշափելի արդյունքների հասնելու կարևորությունը:
Բանակցությունների 54-րդ փուլում հրատապ հարցերով աշխատանքային ենթախմբերի ստեղծման մասին վերջերս ձեռք բերված համաձայնությունը, որը կհեշտացնի կոնկրետ որոշումները, դրական է գնահատվել: Նշվեց, որ հրադադարի համաձայնագրի իրականացման, փախստականների վերադարձի և տեղաշարժի ազատության հարցում շոշափելի արդյունքներ ունենալը կարևոր է, և համանախագահների դերն այս գործընթացում վճռորոշ է:
Կառավարության ղեկավարն ընդգծեց Գալիի դեպքերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի հանդիպումների վերսկսման անհրաժեշտությունը և վերահաստատեց Վրաստանի կառավարության հանձնառությունը հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականությանը:
Նրա խոսքով, Վրաստանի կառավարությունը ակտիվ քայլեր է ձեռնարկում դեօկուպացիայի և հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ և ակտիվորեն աշխատում է միասնական ազգային մոտեցման և պետական համապարփակ ռազմավարության մշակման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել տարածաշրջանում խաղաղության և վստահության ամրապնդման կարևորությանը: Դրական է գնահատվել Ադրբեջանի և Հայաստանի միջև Վրաստանի վարչապետի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունը, որը նպաստում է երկխոսությանը և բարելավում տարածաշրջանում անվտանգության միջավայրը:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: