Իրակլի Ղարիբաշվիլին տնտեսական խորհրդի անդամներին կոնկրետ հանձնարարականներ է տվել «Բորջոմի» ընկերության և հանրային զբաղվածության ծրագրի վերաբերյալ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունեցել Տնտեսական խորհրդի նիստը։
Հանդիպմանը քննարկվել է «Բորջոմի» ընկերության՝ բաժնետոմսերը Վրաստանի կառավարությանն անվճար փոխանցելու առաջարկը։ Վարչապետը նախարարություններին հանձնարարել է ակտիվ աշխատել՝ սեղմ ժամկետներում համապատասխան ընթացակարգերն ավարտին հասցնելու համար։ Որոշումը կհրապարակվի կառավարության հաջորդ նիստում։
Տնտեսական խորհրդի անդամներն Իրակլի Ղարիբաշվիլիին տեղեկացրել են հանրային զբաղվածության ծրագրի առաջընթացի մասին։ Վրաստանում հանրային աշխատանքների ծրագրով առողջապահության նախարարություն է դիմել ընդհանուր առմամբ 28 680 քաղաքացի, որոնցից 12 502-ը ուղեգրվել է հանրային աշխատանքների թափուր աշխատատեղերի համար։
Քննարկվել են նաև տնտեսական աճի և զբոսաշրջության վերականգնման աճող դինամիկայի դրական ցուցանիշները։ Նշվել է, որ շաբաթական նախատեսված է ավելի քան 400 չվերթ։ Ինչ վերաբերում է Աջարիայի տարածաշրջանին, ապա այնտեղ նույնպես զբոսաշրջային ակտիվությունը բնութագրվում է աճող տեմպերով։ Մարզում ամսական կիրականացվի ավելի քան 220 չվերթ։
Միաժամանակ հանդիպմանը դրական է գնահատվել Թուրքիայից ներկրվող դեղերի էժան վաճառքի գործընթացը։ 10 շաբաթվա ընթացքում առկա դեղամիջոցներից օգտվել է ավելի քան 150 հազար մարդ, ընդհանուր առմամբ բնակչությունը խնայել է 42 միլիոն լարի։
Կարեւորվել են զբաղվածության աճի եւ գործազրկության կրճատման դրական միտումները։ 2022 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա համեմատ, գործազրկության մակարդակը նվազել է 2,5%-ով և կազմել 19,4%։ Զբաղվածների թիվն աճել է 71,3 հազարով, իսկ գործազուրկների թիվը նվազել է 27,9 հազարով։
Բացի այդ, Վրաստանի համակարգմամբ բանակցություններ են վարվել Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բեռների համակարգված և սահուն անցկացնելու շուրջ։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։