Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիի Ջումա մզկիթում մուսուլմաններին շնորհավորել է Ղուրբան-Բայրամի տոնի առթիվ. Սա բարության հաղթանակի, նոր կյանքի, հույս ներշնչող օր է
Մեծ հարգանքով ցանկանում եմ շնորհավորել ձեզ Ղուրբան Բայրամի տոնի առթիվ։ Սրտանց շնորհավորում եմ մեր երկրում ապրող յուրաքանչյուր մահմեդականի, մեր համաքաղաքացու այս օրվա կապակցությամբ,- այս մասին Թբիլիսիի Ջումա մզկիթում հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Կառավարության ղեկավարը նշել է, որ Ղուրբան-Բայրամը բարության օր է, բարության հաղթանակի օր, նոր կյանքի ու հույսի օր։
«Հատկապես ցանկանում եմ շնորհավորել այսօրվա հոգևոր առաջնորդներին, յուրաքանչյուր մահմեդականին, մեր օտարազգի ընկերներին, դեսպանատների ներկայացուցիչներին։ Ղուրբան-Բայրամը բարության օր է, բարության հաղթանակի օր, նոր կյանքի օր, հույսի օր։ Այն կապված է դրա հետ և հաղթանակի, բարության և սիրո խորհրդանիշ է։ Այսօր գալով այստեղ՝ ես ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել իմ խորին հարգանքը ձեզանից յուրաքանչյուրի, մեր երկրի յուրաքանչյուր մուսուլմանի հանդեպ։
Ես ուզում եմ ասել հետևյալը, մենք՝ վրացիներս, իսկապես աչքի ենք ընկնում նրանով, որ օրինակելի հանդուրժող հասարակություն ենք։ Մեր երկրում և այս քաղաքում դարեր շարունակ ապրել են տարբեր կրոնների ներկայացուցիչներ, և դժգոհություն կամ որևէ տհաճ նախադեպ չի ստեղծվել։ Մենք հանդուրժող հասարակություն ենք: Մենք հարգում ենք ուրիշների հավատքը, ուրիշների կրոնը։ Մեր պարտավորությունն է հավասար վերաբերվել, հավասարապես հարգել ուրիշների հավատքը, կրոնը։ Ես այսպես եմ հասկանում քրիստոնեությունը, բոլորս այսպես ենք հասկանում վրացությունը։ Որպես կառավարության ղեկավար՝ ես կանեմ ամեն ինչ՝ աջակցելու ձեր համայնքին, ձեր հոգևոր առաջնորդներին, բոլորին, և, իհարկե, մեր ընդհանուր նպատակը, ընդհանուր երազանքը հզոր Վրաստան, պետություն կառուցելն է, և մենք այս հարցում հույսը դնում ենք ձեր վրա։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ և մաղթում առողջություն, բարեկեցություն և երջանկություն»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Կրոնական հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշաղմաձեն դիմել է մահմեդականներին և շնորհավորել նրանց տոնի առթիվ։ Ջումա մզկիթում հավաքված մուսուլմաններին դիմել են Վրաստանի մահմեդական վարչության շեյխ Ռամին Իգիդովը, Արևելյան Վրաստանի մուֆթի Էթիբար Էմինովը և Արևմտյան Վրաստանի մուֆթի Ադամ Շանթաձեն։
Մուսուլմանական վարչության հոգևոր առաջնորդները շնորհակալություն են հայտնել վարչապետին տոնի առթիվ շնորհավորելու համար և մուսուլմանական վարչության անունից հուշանվեր են հանձնել։
Կառավարության ղեկավարի հետ Թբիլիսիի Ջումա մզկիթում ներկա են եղել նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։