Իրակլի Ղարիբաշվիլին Մառնեուլիում Ադրբեջանի քաղաքացիներին շնորհավորել է Նովրուզ Բայրամի տոնի առթիվ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մառնեուլիում շնորհավորել է ադրբեջանցի համաքաղաքացիներին Նովրուզ Բայրամի առթիվ։
«Այսօր ուզում եմ բոլորիդ շնորհավորել։ Շնորհավորում եմ Նովրուզ Բայրամը մեր սիրելի համաքաղաքացիներին, մեր էթնիկ ադրբեջանցի համաքաղաքացիներին, մեր եղբայրներին ամենուր, մեր եղբայր Ադրբեջանին, Թուրքիային։
Ցանկանում եմ շնորհավորել բոլորին այսօրվա կապակցությամբ, մաղթել խաղաղություն մեր քաղաքացիներին, բարօրություն, ավելի շատ ուրախություն, կայունություն և ամենայն բարիք մեր ժողովրդին։ Սա ուզում եմ մաղթել մեր համաքաղաքացիներին։ Ուզում եմ հաստատել իմ մեծ հարգանքն ու սերը մեր ադրբեջանցի համաքաղաքացիների, շատ աշխատասեր մարդկանց, շատ խելացի մարդկանց նկատմամբ և ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ այսօր խորհրդանշական է նաև նրանով, որ ասոցացվում է խաղաղության, բարգավաճման, ուրախության հետ, որն այսօր պետք է մեր երկրին և մեր ժողովրդին»,- ասաց վարչապետը։
Կառավարության ղեկավարը ներկա է գտնվել Նովրուզ Բայրամին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։
Տոնի կապակցությամբ վարչապետն այցելել է Մառնեուլիի կենտրոնական փողոցում կազմակերպված տարածք, որտեղ կար էթնո անկյուն, ձեռագործ աշխատանքների ցուցահանդես, անցկացվել են տարբեր մարզամշակութային միջոցառումներ։ Վարչապետը խոսել է բնակչության հետ և խորհրդանշական խարույկ վառել Մառնեուլիի կենտրոնում։
Մառնեուլիում անցկացված միջոցառմանը մասնակցել են հաշտեցման և հավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին, կառավարության վարչակազմի տարածաշրջանների հետ կապերի վարչության պետ Լերի Բարնաբիշվիլին, Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխթուրիշվիլին, Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովը, Մառնեուլիի քաղաքային խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեն, պատգամավորներ Զաուր Դարգալին և Սավալան Միրզոևը, Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևը և «Սոկար» ընկերության վրացական ներկայացուցչության նախագահ Մախիր Մամեդովը։