Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի Եվրամիություն-Վրաստան ասոցացման խորհրդի վեցերրորդ նստաշրջանին: Կառավարական պատվիրակությունը կառավարության ղեկավարի գլխավորությամբ այսօր մեկնել է Բրյուսել:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, բարձր մակարդակի հանդիպումներ կանցկացվեն ինչպես Եվրահանձնաժողովում, Եվրոպական խորհրդում և Եվրախորհրդարանում, այնպես էլ ՆԱՏՕ-ի շտաբկայանում:
Իրակլի Ղարիբաշվիլին այսօր առաջին հանդիպումը կանցկացնի Բելգիայի Թագավորության վարչապետի հետ:
Մարտի 16-ին, Վրաստան-Եվրամիություն ասոցացման խորհրդի նիստից հետո, տեղի կունենա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերում գերագույն հանձնակատար Ժոզեֆ Բորելի և ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյի համատեղ մամուլի ասուլիսը:
Մարտի 17-ին բարձր մակարդակի հանդիպումներ տեղի կունենան Եվրախորհրդարանում և ՆԱՏՕ-ում: Վրաստանի կառավարության ղեկավարին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կհյուրընկալի դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը: Հանդիպումից հետո տեղի կունենա Իրակլի Ղարիբաշվիլիի և Ենս Սթոլթենբերգի համատեղ մամուլի ասուլիսը: Նախատեսվում է նաև ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ:
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան և արդարադատության նախարար Գոչա Լորթքիփանիձեն: