Իրակլի Ղարիբաշվիլին հրաժեշտի հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության դեսպանի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հրաժեշտի հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության դեսպանի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժեշտի հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության դեսպան Ուլրիկ Տիդեստրյոմի հետ։

Կառավարության վարչակազմում կայացած հանդիպմանը քննարկվել է Վրաստանի և Շվեդիայի Թագավորության արդյունավետ համագործակցությունը։ Ուշադրություն է դարձվել Շվեդիայի Թագավորության կողմից երկրի զարգացման տարբեր ուղղություններով ցուցաբերվող օգնության վրա։ Ինչպես նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, Շվեդիայի Թագավորությունը Վրաստանի խոշորագույն միջազգային դոնորներից մեկն է և մեծ ներդրում է ունեցել երկրի ժողովրդավարական և ինստիտուցիոնալ արդիականացման և սոցիալ-տնտեսական զարգացման գործում։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Վրաստանի եվրաինտեգրման ուղուն և այդ գործընթացում Շվեդիայի աջակցությանը, ինչը հատկապես կարևոր է Եվրոպական Միության խորհրդում Շվեդիայի նախագահությունը հաշվի առնելով։

Նշվել է Վրաստանի ձեռք բերած առաջընթացը, այդ թվում՝ 12 հանձնարարականների կատարման դրական դինամիկան։ Վարչապետի խոսքով՝ Եվրամիությանն ինտեգրումը վրաց ժողովրդի ընտրությունն է, և երկիրը սպասում է թեկնածուի կարգավիճակին։

Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Ուլրիկ Տիդեստրյոմին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ԵՄ ինտեգրման գործընթացին և եվրոպական բարեփոխումների օրակարգին աջակցելու համար և հաջողություն մաղթել հետագա աշխատանքում։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։