Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ժոզեֆ Բորելիին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ժոզեֆ Բորելիին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելիի հետ:

Դեմ առ դեմ հանդիպման ընթացքում, որն անցկացվել է Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդի նիստից առաջ, քննարկվել են երկկողմ օրակարգի բոլոր հիմնական ուղղությունները: Նշվել է այն առաջընթացը, որը երկիրը գրանցել է տնտեսական, քաղաքական և ժողովրդավարացման բարեփոխումների առումով:

Ուշադրության կենտրոնում էին Ասոցացման համաձայնագրի իրագործումը, տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը, աշխարհաքաղաքական գործընթացները, բռնազավթված տարածքներում առկա մարտահրավերները և առկա քաղաքական իրավիճակը: Նշվել է, որ կառավարությունը 2024 թվականին ԵՄ-ին լիիրավ անդամակցության պաշտոնական դիմում ներկայացնելու հավակնոտ ծրագիր ունի և ձեռնարկում է բոլոր համապատասխան քայլերը երկիրը դրան պատրաստելու համար:

Զրույցը վերաբերել է երկրում տիրող քաղաքական գործընթացներին: Ընդգծվել է ներկա քաղաքական գործընթացները կառուցողական, երկխոսության ռեժիմով անցկացնելու անհրաժեշտությունը:

Վարչապետը վերահաստատել է իշխանության պատրաստակամությունը Եվրամիության աջակցությամբ շարունակվող արդյունքին միտված երկխոսությանը և հույս հայտնել, որ ընդդիմությունը կշարունակի կառուցողական երկխոսությունը: Իրակլի Ղարիբաշվիլիի գնահատմամբ, Եվրոպական խորհրդի նախագահի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի ներգրավումը երկխոսության գործընթացին վկայում է այդ հարցի կարևորության մասին Եվրամիության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի բռնազավթված տարածքներում առկա մարտահրավերները, Վրաստանի քաղաքացիների կալանավորումը և ապօրինի ձերբակալության փաստերը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ գերագույն ներկայացուցչին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սատարելու համար: