Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսել կատարած այցի շրջանակներում հանդիպել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շևչովի հետ։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Եվրահանձնաժողովում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքները և եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի արձանագրած առաջընթացը։
Վարչապետը վերահաստատել է Վրաստանի եվրոպական ընտրության և նկրտումների անշրջելիությունը՝ նշելով, որ դա հաստատում է 2024 թվականին Եվրամիությանը լիիրավ անդամակցության պաշտոնական դիմում ներկայացնելու Վրաստանի կառավարության ծրագիրը։
Հանդիպման ընթացքում վարչապետը և Եվրահանձնաժողովի փոխնախագահը քննարկել են Վրաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգի կարևոր հարցեր, Ասոցացման համաձայնագրի և Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կատարման ընթացքը, ինչպես նաև ընթացիկ բարեփոխումներն ու նոր ուղղությունները հետագա համագործակցության համար։ Դրանցից զրույցի ընթացքում քննարկվել են էներգետիկ անվտանգության հարցերը և Վրաստանում վերականգնվող էներգիայի արտադրության ներուժը։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։