Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսել կատարած այցի ընթացքում հանդիպել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեի հետ։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստան-Եվրամիություն հարաբերությունների հիմնական ուղղությունները և Արևելյան գործընկերության գագաթնաժողովի օրակարգը։ Նշվեց, որ կարևոր է, որ գագաթնաժողովի քաղաքական հռչակագիրը արտացոլի Վրաստանի համար առաջնահերթ խնդիրները, ինչպես նաև վերահաստատի Արևելյան գործընկերության ռազմավարական նշանակությունը Եվրամիության համար և նրա ամուր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։
Հանդիպման ընթացքում վարչապետը կարևորել է վրացական կողմի համար այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են աստիճանական ինտեգրումը Եվրամիության միասնական շուկայում և էներգետիկ և թվային կապի ամրապնդումը, այդ թվում՝ Սև ծովի ներուժի առավելագույնի հասցնելը։
Բանակցությունները կենտրոնացած էին Արևելյան գործընկերության նոր օրակարգի ընդունման վրա, որը կամրապնդի գործընկեր երկրների տնտեսությունների, ինստիտուտների, հասարակությունների անվտանգությունը, բնապահպանական և թվային փոխակերպման մեխանիզմները: Նոր օրակարգը ներառում է Եվրամիության նոր տարածաշրջանային ներդրումային ծրագրի միջոցով հասնելու կոնկրետ նպատակների իրագործումը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Եվրահանձնակատար Վարհեյին՝ վերջերս Վրաստան կատարած այցի ժամանակ Արևելյան գործընկերության երկրներին տնտեսական ներդրումային ծրագիր ներկայացնելու համար և նշել, որ Վրաստանի կառավարությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում համապատասխան նախագծերի իրականացման ուղղությամբ։
Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է Եվրահանձնաժողովի և Եվրամիության անդամ երկրների աջակցության կարևորությունն այս գործում։ Եվրահանձնաժողովում կայացած հանդիպման ժամանակ կարևորվել է Վրաստանի առաջընթացը եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին և Ասոցացման համաձայնագրի շրջանակներում իրականացվող բարեփոխումները։
Վարչապետը նշել է, որ կառավարությունը հավակնոտ ծրագիր ունի, որպեսզի Վրաստանը 2024 թվականին պաշտոնական հայտ ներկայացնի Եվրամիությանը լիիրավ անդամակցության համար, և նշեց, որ բարեփոխումներն այս ճանապարհով կշարունակվեն։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։