Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Պրահայում Եվրոպական քաղաքական միության առաջին գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։

Հանդիպման ընթացքում վարչապետը խոսել է Վրաստանին եվրոպական հեռանկար տալու պատմական որոշման մասին և նշել, որ Վրաստանն ամեն ինչ անում է, որպեսզի կատարի հաջորդ քայլը Եվրամիությանն անդամակցելու և ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար։

Այդ նպատակով Վրաստանն անմիջապես ձեռնամուխ եղավ Եվրահանձնաժողովի կողմից սահմանված 12 առաջնահերթությունների իրականացմանը։ Վարչապետն ընդգծել է, որ ներառական գործընթացը թույլ է տալիս իշխանության բոլոր թեւերին, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցություններին և քաղաքացիական հասարակությանը, լիարժեք ներգրավվել այն առաջնահերթությունների իրականացման գործում, որոնց համար ստեղծվել են աշխատանքային խմբերը։

Զրույցն անդրադարձել է Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիային և դրա ազդեցությանը Վրաստանի, տարածաշրջանի և ընդհանրապես աշխարհի վրա։ Վարչապետը հատուկ ուշադրություն է դարձրել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու Եվրամիության ջանքերին և Վրաստանի պատրաստակամությանը` նպաստելու այդ գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Վրաստանի և Եվրամիության միջև տրանսպորտի, էներգետիկայի և թվային ոլորտներում հետագա մերձեցման և ենթակառուցվածքային հաղորդակցության մասին։

Վարչապետը Եվրահանձնաժողովի նախագահին իր համար հարմար պահին հրավիրել է Վրաստան։

Տեղեկությունը տարածում է վարչապետի մամուլի գրասենյակը։