Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Շառլ Միշելի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Շառլ Միշելի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսել կատարած այցի ընթացքում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Դեմ առ դեմ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգային բոլոր կարևոր հարցերը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արևելյան գործընկերության գագաթնաժողովի քաղաքական հռչակագրում ուժեղ մեսիջների ամրագրման և Վրաստանի համար առաջնահերթ խնդիրների արտացոլման կարևորությանը։

Կառավարության ղեկավարը նշել է, որ Վրաստանի համար կարևոր է աստիճանաբար ինտեգրվել Եվրամիության միասնական շուկայում և ամրապնդել էներգետիկ և թվային կապը։

Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Շառլ Միշելին՝ Վրաստանի եվրաինտեգրմանը աջակցելու համար նրա անձնական ջանքերի համար՝ նշելով, որ եվրաինտեգրումը վրաց ժողովրդի ճնշող մեծամասնության ընտրությունն է, և որ 2024 թվականին Եվրամիությանը լիիրավ անդամակցության համար պաշտոնապես դիմելու վրացական կառավարության հավակնոտ ծրագիրը ծառայում է դրան։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև երկրում ընթացող բարեփոխումներին և դրանց շարունակականության կարևորությանը։