Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Վասիլե Դինկուի հետ

14:17, 18.10.2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Վասիլե Դինկուի հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Վրաստան-Ռումինիա համագործակցությունը, հարաբերությունները ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ։

Նրանց տվյալներով՝ հատուկ ուշադրություն է դարձվել պաշտպանության ոլորտում ապագա կապերին։ Նշվել է, որ ռազմավարական գործընկերության հաստատման մասին վերջերս ստորագրված հռչակագիրը նոր լիցք կհաղորդի երկու երկրների սերտ հարաբերություններին բոլոր ուղղություններով։

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ռումինիային՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև երկրի եվրոպական և եվրատլանտյան նկրտումներին ցուցաբերած ամուր աջակցության համար։

Ընդգծվել է Ռումինիայի նշանակալի ներդրումը ԵՄ դիտորդական առաքելության մեջ։ Ուշադրություն է դարձվել նաև Վրաստանին եվրոպական հեռանկար տալու պատմական որոշմանը, և ասվել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են կատարել իրենց պարտավորությունները՝ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին արագ առաջընթացի հասնելու համար։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրմանը և կարևորվել է Ռումինիայի նշանակալի ներդրումը ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի իրականացման գործում։ Կողմերը քննարկել են Սև ծովի անվտանգության խնդիրները։

Տեղեկությունը տարածում է վարչապետի մամուլի գրասենյակը։

Նմանատիպ