Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Rothschild & Co-ի գործադիր տնօրենի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Rothschild & Co-ի գործադիր տնօրենի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Rothschild & Co. ընկերության գործադիր տնօրեն Արիել Մալարդ դե Ռոթշիլդի հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է Վրաստանը տարածաշրջանային հանգույցի վերածելու ռազմավարությունը։

Նշված ռազմավարությունը պատրաստվել է վարչապետի նախաձեռնությամբ՝ Rothschild & Co.-ի և Kaiser Partner ընկերության հետ համագործակցությամբ, և դրա նպատակն է երկիրը դարձնել բազմաֆունկցիոնալ հանգույց՝ տեխնոլոգիաների, կրթության և ֆինանսական ծառայությունների ուղղությամբ։

Ուշադրություն է դարձվել երկիրը որպես տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի կայացման խնդրին, որը կնպաստի ներդրումների ներգրավմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ժամանակակից ֆինանսական և տեխնոլոգիական նորարարությունների փոխանակմանը։ Հանդիպմանը ևս մեկ անգամ ընդգծվել է Վրաստանում բարենպաստ ներդրումային միջավայրը և կապիտալի շուկայի զարգացումը, որը երկրի տնտեսական քաղաքականության կարևորագույն ուղղություններից է։

Կառավարությունում կայացած հանդիպմանը մասնակցել են Kaiser Partner-ի գործադիր մենեջեր Ստեֆան Լինիգերը, Kaiser Partner-ի ռազմավարական ուղղության ղեկավար Թիլլա Կավենգին, Rothschild & Co-ի խորհրդական Պիեռ Ադելինը և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։