Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Նիկոլ Փաշինյանին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Նիկոլ Փաշինյանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեմ առ դեմ հանդիպմանը Վրաստանի և Հայաստանի Հանրապետության վարչապետները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգի հիմնական հարցերը։

Նրանց հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև առկա համագործակցությանը առևտրատնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ և մշակութային ոլորտներում։ Ընդգծվել է առկա սերտ գործընկերային և բարեկամական հարաբերությունների հետագա խորացման կարևորությունը։ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ Երևանում տեղի ունեցած ողբերգության համար։

Հանդիպմանը նշվել է նաև Վրաստանի կարևոր դերն ու ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում, այդ թվում՝ Թբիլիսիում կայացած Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Իրակլի Ղարիբաշվիլին և Նիկոլ Փաշինյանը խոսել են տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։