Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի հետ: Վարչապետը շնորհավորել է Անտոնիո Գուտիերեշին գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել՝ Վրաստանին համաճարակի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար:
Վրաստանի վարչապետը հատկապես ընդգծեց ՄԱԿ-ի և գլխավոր քարտուղարի անձնական աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, և նշեց, որ Վրաստանի կառավարությունը բարձր է գնահատում ՄԱԿ-ի ներգրավվածությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:
Ըստ Իրակլի Ղարիբաշվիլիի, Վրաստանի Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններից փախստականների մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի բանաձևերը օկուպացված տարածքներում հումանիտար իրավիճակի պահպանման ամենակարևոր մեխանիզմներն են:
Շեշտը դրվել է Վրաստանի օկուպացված տարածքներում անվտանգության եւ հումանիտար իրավիճակի վրա: Ընդգծվեց ՄԱԿ-ի դերը Ժնևի միջազգային բանակցություններում և նշվեց այս ձևաչափով կոնկրետ, շոշափելի արդյունքների հասնելու անհրաժեշտությունը:
Կառավարության ղեկավարը խոսել է նաև Գալիում դեպքերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի ձևաչափի վերականգնման գործում ՄԱԿ-ի ներգրավվածության և վճռական քայլերի կարևորության մասին:
Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքերով, Վրաստանի կառավարությունը հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականությանը, որի նպատակն է դեօկուպացնել Վրաստանի տարածքները և վերականգնել վստահությունը օկուպացիոն գծի երկայնքով բաժանված հասարակությունների միջև:
Վրաստանի վարչապետի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում: